Երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ գրեթե 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագծին։
Նախաձեռնության օգտին քվեարկել է 368 կոնգրեսական, 57-ը դեմ են քվեարկել։ Այժմ օրինագիծն ուղարկվելու է Կոնգրեսի Սենատի քննարկմանը։ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը ավելի վաղ խոստացել է հնարավորինս արագ կազմակերպել քվեարկությունը։ Եթե օրինագիծն ընդունվի վերին պալատում, ապա կուղարկվի նախագահի ստորագրությանը։
Փաստաթուղթը նախատեսում է միջոցների տրամադրում Կիևին՝ որպես ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն։
Սպիտակ տանը ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից նախաձեռնության հաստատումը։ «Այդ օրինագծում ներառված լրացուցիչ միջոցները մեզ թույլ կտան ավելի շատ զենք՝ հրետանի և զրահամեքենաներ, նաև զինամթերք ուղարկել Ուկրաինա։ Դրանք նաև կօգնեն մեզ լրացնելու մեր զինանոցը և աջակցելու ԱՄՆ զորքերին ՆԱՏՕ-ի այլ երկրների տարածքներում»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։