‘Ուկրաինայի գլխավոր դատախազը առայժմ չգիտի, թե ով է Մայդանը ցրելու հրամանն արձակել’

947

Ուկրաինայում շարունակվում է նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մայդանի ցուցարարներին ուժային միջոցներով ցրելու  հանգամանքների հետաքննությունը: Հետաքննության ընթացքում այսօր Գերագույն ռադայի պատգամավորներին հաշվետվություն է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Նա, մասնավորապես, հայտնել է, որ առայժմ չի պարզվել այն անձը, ով Մայդանը ցրելու հրաման է արձակել: Դրա փոխարեն՝ գլխավոր դատախազը պատգամավորներին հայտնել է, թե իր կարծիքով՝ ինչ պատճառով է տեղի ունեցել այդ բախումը: Ուկրաինայի դատախազությունը կարծում է, որ անկարգությունները հրահրվել են ագրեսիվ տրամադրված ցուցարարների կողմից, որոնք կոմունալ աշխատակիցներին խանգարել են ամանորյա տոնածառը տեղադրել հրապարակում, և վերջիններս օգնության են կանչել իրավապահներին:  Պշոնկայի խոսքով՝ ցուցարարները բազմիցս զգուշացվել են դատարանի որոշման մասին, որն արգելում էր Մայդանում անցկացնել «ցանկացած զանգվածային ակցիա», սակայն նրանք դրան չեն արձագանքել:

Ինչ վերաբերում է Մայդանը ցրելու հրաման արձակած անձին, ապա գլխավոր դատախազը հայտարարել է. «Այսօրվա դրությամբ՝ հետաքննությունը չի կարող հստակ պատասխանել, թե ով է հրաման տվել, և արդյո՞ք դա եղել է ուժ կիրառելու հրաման», փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հալեպի մեկշաբաթյա ռմբակոծության արդյունքում կան հարյուրավոր զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Մայդանը շրջափակում են՝ ընդհարումներ թույլ չտալու նպատակով’