‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ նիստ է հրավիրել Ուկրաինայի արևելքի վերաբերյալ: Նիստ հրավիրելու առիթն այն է, որ երկրի արևելքում անջատականների մոտ տանկեր են հայտնվել:
Լրագրողները տեղից հաղորդել են, որ Սնեժինա քաղաքում առնվազն երկու տանկ են տեսել, սակայն հայտնի չէ, թե դրանք որտեղից հայտնվեցին:
Համացանցում տեղադրված տեսագրությունից երևում է, թե ինչպես են զինվորներ տեղափոխող երկու բեռնատարներ, երեք տանկի ուղեկցությամբ, անցնում Մակեևկայով, որը Դոնեցկից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա է: Սակայն հայտնի չէ, թե տեսագրությունը երբ է արվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության անջատականների շտաբում հաստատել են, որ իրենց սպառազինությունը համալրվել է երեք տանկով, որոնք «կուղարկվեն առավել բարդ հատվածներ»:
Ի դեպ, Ուկրաինայի ազգային գվարդիայի ղեկավարությունը հերքել է լրատվամիջոցներում երեկ հայտնված այն տեղեկությունները, թե ուկրաինական կողմը հունիսի 12-ի գիշերը ֆոսֆորային ռազմամթերք է գործածել: Այդ լուրն ուղեկցվում էր գնդակոծության մի տեսագրությամբ: Ինչպես պարզել են «Ստոպ-ֆեյք» կայքի կամավորականները, որոնք զբաղվում են ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն պրպտելով, այդ վիդեոն արվել էր 2004 թ. Իրաքի պատերազմի ժամանակ: Փոխանցում է BBC-ն:
‘