‘
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է, որ երկիրն ընթանում է եվրաինտեգրման ճանապարհով: «Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ ասոցացումը պետք է կարևոր ազդակ դառնա՝ շարունակելու ժամանակակից եվրոպական երկիր ձևավորելու գործընթացը»,- հայտարարել է Յանուկովիչը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Կիևում երկրի անկախության 22-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
Յանուկովիչը նաև ընդգծել է. «Միևնույն ժամանակ, մենք պետք է պահպանենք և շարունակենք խորացնել մեր հարաբերությունները, ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի, Եվրասիական երկրների, համաշխարհային մյուս առաջատար երկրների և տնտեսական զարգացման նոր կենտրոնների հետ»:
Անկախության օրվա կապակցությամբ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր կայքում հետևյալ ուղերձն է թողել. « ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի ստորագրումն ու վավերացումը նույնպես ռիսկային է. դա ևս մեկ պատմական փորձություն է: Բայց այդ ճանապարհին մենք միայնակ չենք, մենք բարեկամներ ունենք, ովքեր հավատում են Ուկրաինային: Մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք Եվրոպական ընտանիք մուտք գործելու: Ժողովրդավարական աշխարհը հավատում է, որ մենք ավելի լավ ճակատագրի ենք արժանի: Մեր երիտասարդ եվրոպական երկրի կայացման ընթացքն այլևս անկասելի է», փոխանցում է INTERFAX.RU-ը:
‘