‘Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը հայկական պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ‘

625

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը հայկական պատվիրակությունը, նախնական տվյալներով, կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը:

Ավելի վաղ խոսվել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարությամբ պատվիրակություն ուղարկելու մասին, սակայն բառացիորեն այսօր պատվիրակության կարգավիճակը բարձրացնելու որոշում է կայացվել: Ամենայն հավանականությամբ, Կարեն Ճշմարիտյանը շուտով կնշանակվի հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ:

Հիշեցնենք, որ անցած տարի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրել է ԱԳ փոխնախարարը:

Նշենք, որ օրերս Հայաստան է վերադարձել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ով խորհրդակցությունների նպատակով Կիև էր կանչվել այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը փաստացի պաշտպանել է Ուկրաինայից Ղրիմի անջատումը` որպես Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը դեսպանի վերադարձի վերաբերյալ որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Հայաստանը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Հայկական կողմը ողջունել է Ուկրաինայի նախագահի ընտրությունը և Ուկրաինայի հետ կառուցողական համագործակցության հույս հայտնել»,- հայտարարել է Պերեբիյնիսը:

Ուկրաինայի նախագահի պաշտոնմում Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության պաշտոնական արարողությունը պետք է տեղի ունենա հունիսի 7-ին Գերագույն Ռադայում: Արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են օտարերկրյա պետությունների և կառավարությունների շուրջ 20 ղեկավարներ:

Պյոտր Պորոշենկոն հաղթանակ է տարել մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում` ստանալով ձայների  54,7%-ը: 

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Խաչատրյան. Եթե Աբրահամյանը իր ունեցած միլիարդները գրանցել է ուրիշի անունով՝ չի նշանակում, որ ձեռնարկատեր չէ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Ինտեր ՌԱՈ-ն ֆինանսական պրոբլեմներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում’