Սպասվում է, որ Ուկրաինայի գերագույն ռադան կքննարկի այն օրենքը, որն զգալիորեն սահմանափակում է օլիգարխների գործունեությունը․ նոր օրինագիծը օլիգարխների շարքին է դասում այն խոշոր գործարարներին, որոնք փորձում են ակտիվ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա։
Օրինագծի համաձայն՝ օլիգարխներին և նրանց հետ կապված ընկերություններին կարգելվի մասնակցել մեծ սեփականաշնորհմանը, ինչպես նաև ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին։
Ուկրաինացի որոշ քաղաքական գործիչներ չեն բացառում, որ այս նոր օրինագծի քննարկման հետ է կապված մահափորձը նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականի՝ Սերգեյ Շեֆիրի դեմ։ Չորեքշաբթի Շեֆիրի ավտոմեքենան գնդակոծվել էր, նրա վարորդը վիրավորվել էր, իսկ ինքը Շեֆիրը չէր տուժել։
Չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Զելենսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ի թիվս այլ հարցերի՝ մեկնաբանել է նաև իր օգնականի նկատմամբ մահափորձը և ընդգծել, որ դա իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու փորձ էր։
Փոխանցում է BBC-ն։