‘Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խումբն սկսել է աշխատանքը’

1441

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով ստեղծված հանձնաժողովն սկսել է աշխատանքը և սպասում է ընդդիմության մասնակցությանը բանակցություններին, հաղորդել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը: «Սկսել է աշխատել իրավիճակի կարգավորման խումբը՝ Անդրեյ Կլյուևի գլխավորությամբ: Խմբի կազմում են արդարադատության նախարար Ելենա Լուկաշը և Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովը»,- ասել է Աննա Գերմանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին հանձնարարել էր աշխատանքային խումբ ստեղծել կառավարության և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

Ուկրաինական ընդդիմության ղեկավարներից УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, սակայն, պահանջել է, որ Վիկտոր Յանուկովիչն անձամբ մասնակցի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու բանակցություններին:

Մինչ այդ, Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների հետևանքով ցուցարարների և միլիցիոներների շրջանում   վիրավորների թիվն անցել է 200-ից, հաղորդել են ՆԳՆ մամլո ծառայությունից: Ընդ որում, ըստ այդ հաղորդագրության՝  բախումների արդյունքում վիրավորվածների կեսը՝ մոտավորապես 100 հոգի, իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Տուժածների մոտ բժիշկներն ախտորոշել են գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ, թունավորումներ գազից և այլն:  Գրուշևսկու փողոցում բախումները շարունակվում են, դրանք կետային բնույթ են կրում , փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին առաջին կիսաեզրափակիչ փուլի առաջին մասում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմությունը «դրակոնյան օրենքների» հարցում զիջումների է հասել’