‘Ուկրաինայում կազմել են «Եվրամայդանի թշնամիների» ցուցակ’

711

Ուկրաինական ընդդիմությունը որոշել է կազմել «Եվրամայդանի թշնամիների» ցուցակ, դրանով զբաղվում է Վիտալի Կլիչկոյի УДАР կուսակցությունը: Ինչպես հաղորդվում է կուսակցության կայքում, ցուցակում կհայտնվեն այն դատավորները, ովքեր արգելել են հանրահավաքները, «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները, որոնք  բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, նաև այն դատավորներն ու քննիչները, որոնք «մասնակցել են ակտիվիստների ապօրինի հետապնդմանը և դատապարտմանը»: Ընդդիմադիրների խոսքով՝ այդ մարդիկ կատարել են «ռեժիմի ապօրինի հրամանները» և պետք է պատասխանատվության ենթարկվեն: Որպես «հանցավոր ռեժիմի» առաջնորդներ՝ նշվում են նախագահ Վիկտոր Յանուկովիչի, վարչապետ Նիկոլայ Ազարովի, ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյի անունները: Հոդվածի հրապարակման պահին ցուցակում տեղ էին գտել մեկուկես տասնյակ մարդկանց անուններ: Ցուցակի հեղինակները կոչ են անում առայժմ հիշյալ մարդկանց ենթարկել «հասարակական ճնշման»: Հետագայում՝ իշխանափոխությունից հետո, ինչին ձգտում  է ընդդիմությունը, «Մայդանի թշնամիներին» սպառնում է «պատասխանատվություն՝ օրենքի համաձայն»:

Ավելի վաղ УДАР կուսակցությունը հայտարարել էր, որ իրենց հայտնի են  ընդդիմության կողմնակիցներին բռնությունների ենթարկած «բերկուտցիների»  անուններն ու տնային հասցեները: «Ազատություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ էր արել պիկետ անել հատուկջոկատայինների տների մոտ, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Փակ շուկայի գործով դատական նիստերը հերթական բեմադրությունն են’