‘Ուկրաինայում հրաժարվում են ամանորյա խնջույքներից’

1269

Ուկրաինական ընկերություններն սկսել են հրաժարվել ամանորյա կորպորատիվ երեկույթներից՝ կապված Եվրամայդանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այդ մասին հաղորդել է «ЛІГАБізнесІнформ»-ը՝ հղում անելով մի շարք ռեստորանային ցանցերից ստացված տեղեկատվությանը: «Կորպորատիվ երեկույթների մոտավորապես մեկ երրորդի պատվերները չեղյալ են հայտարարվել, շատերը կանխավճար չեն մուծել, և քանի որ արդեն քիչ ժամանակ է մնացել՝ կարելի է ենթադրել, որ նրանք նույնպես կհանեն իրենց պատվերները», հայտնել են Mafia ռեստորանային ցանցի մամլո ծառայությունից: «Դիմա Բորիսովի ռեստորանների ընտանիքն» իր հերթին տեղեկացրել է, որ նախապես տեղեր ամրագրածներից շատերը չեն հաստատում իրենց պատվերը: «Շատ դժվար է ինչ-որ բան պլանավորել, ամեն ինչ կախված է Մայդանից»,- ասել է լվովյան ցանցի համասեփականատեր Անդրեյ Խուդոն:

Մի շարք ընկերությունների կարծիքով՝ ներկա իրավիճակում տոնախմբություններ կազմակերպելն անպատշաճ է: Ինչպես նրանցից մեկն է ձևակերպել՝ «մենք չենք ուզում խրախճանք անել՝ ժանտախտի ժամանակ»: Իր հերթին՝ AIN.UA-ն հաղորդում է, որ Եվրամայդանի համակիր մի քանի IT-ընկերություններ որոշել են ոչ միայն հրաժարվել կորպորատիվ խնջույքներից, այլև տնտեսված գումարներն ուղղել ցուցարարների աջակցությանը, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակային բարեփոխումները ձեր խելքի ու ազնվության բանը չեն’