‘Ուկրաինայում 15 տարվա ընթացքում գրանցվել է մարդկանց առևտրի հետ կապված 3,5 հազար հանցագործություն’

665

Ուկրաինայում 1998 թ. մարդկանց առքուվաճառքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու ժամանակներից ի վեր՝ երկրում իրավապահ մարմինները բացահայտել են այդ կարգի գրեթե 3,5 հազար հանցագործություն, հայտարարել է գլխավոր դատախազության վարչության պետ Անտոն Ստոլիտնին, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Ստոլիտնին նշել է, որ ուկրաինական օրենսդրությունը բավական խիստ պատիժ է նախատեսում մարդկանց առևտրով զբաղվողների համար՝ պաշտպանելով ոչ միայն կանանց, ինչը հատուկ է այդ հանցագործությունների մեծ մասին, այնպես էլ այլ քաղաքացիների, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով հայտնվել են հանցագործների ձեռքում: «Այդ հանցագործությունը  դասվել է ծանրերի շարքը, իսկ անչափահասի նկատմամբ, կամ էլ կազմակերպված խմբավորման կողմից կատարված հանցագործության համար նախատեսված է ազատազրկում տասնհինգ տարի ժամանակով»,- նշել է Ստոլիտնին: Դատախազը նաև նկատել է, որ մարդկանց առևտրին նպաստող հիմնական գործոններից մեկն ապօրինի միգրացիան է: «Այսօր, ոչ պաշտոնական տվյալներով, Ուկրաինայի ավելի քան 4 միլիոն քաղաքացիներ արտասահմանում անօրինական են աշխատում: Անօրինական միգրացիայի գործոնը հենց այն հիմքն է, որը սնում է մարդկանց առևտուրը, անհնար դարձնում, որպեսզի հավանական զոհերը կարողանան բացահայտել այն սպառնալիքները, որոնց բախվում են»,- ասել է Ստոլիտնին: Նա նաև հավելել է, թե 2013 թ. անցած ինն ամիսների ընթացքում արդեն իսկ դատարան է ուղարկվել այդ ոլորտին առնչվող 50 մեղադրական ակտ, ևս 77 անձանց տեղեկացվել է կասկածվելու մասին, փոխանցում է Interfax.com.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Լեպսը հաստատել է իր ծանոթությունը «Եղբայրական շրջանի» պարագլխի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’