‘Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է պահանջել ‘

736

Ուկրաինայի Գերագույն Ռադան՝ Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած երկրներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Մեծ Բրիտանիայից անվտանգության  երաշխիքներ է պահանջել՝ հաղորդում է «Интерфакс»-ը: Ուկրաինայի խորհրդարանը խնդրում է արտասահմանյան իր գործընկերներին՝ «գործնական քայլերով հաստատել հուշագրում ամրագրված պարտավորությունները», ինչպես նաեւ «հարգել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ներկայիս սահմանները»: Դրանից բացի, Ռադան խնդրել է ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային՝ լարվածությունը մեղմելու համար հրատապ խորհրդատվություններ անցկացնել:

Գերագույն Ռադան նաեւ առանձին կարգով դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով «դադարեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ միտված ոտնձգություններն ու անջատողականներին ցուցաբերվող աջակցությունը»: Հակամարտության հետագա լարվածության դեպքում Կիեւը երաշխավոր պետություններից պահանջում է անհապաղ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով:

Այսօր առավոտյան Ուկրաինայի ՆԳՆախարար Արսեն Ավակովը Ռուսաստանին մեղադրել է «զինված ներխուժման եւ Ղրիմի զավթման» համար: Ավելի վաղ, մի խումբ զինյալներ ներխուժել են Սեւաստոպոլի եւ Սիմֆերոպոլի օդանավակայաններ: Զուգահեռաբար, սեւաստոպոլյան օդանավակայանի աշխատանքները դադարեցվել էին: Ուկրաինական կողմի պնդմամբ, զինյալները ռուսական Սեւծովյան նավատորմի զինծառայողներն են: Նավատորմի ներկայացուցիչները, սակայն, այդ մեղադրանքները հերքել են:

Հիշեցում. Բուդապեշտյան հուշագիրը ստորագրվել է 1994 թվականին, որը ստորագրել են Ուկրաինան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Հուշագիրը հաստատել է Ուկրաինայի անվտանգ կարգավիճակը, ինչպես նաեւ վերջինիս ինքնիշխանության եւ անվտանգության երաշխիքներ էր տրամադրում: Վիճելի հարցերի պարագայում՝ հուշագրի պայմաններով նախատեսվում է հրատապ  խորհրդատվությունների անցկացում: 

Նախորդ հոդվածը‘Մարտի մեկը և Արևմուտքը’
Հաջորդ հոդվածը‘Վեց տարի առաջ… Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել (Տեսանյութ)’