‘Ուկրաինան առաջիկա օրերին կվերսկսի բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ’

769

Ուկրաինական պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել, որպեսզի վերսկսի երկխոսությունը Եվրամիության հետ՝ ասոցացման համաձայնագրի շուրջ: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան: Ըստ նրա՝ «նախատեսվում է քննարկել գազի գնի և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օգնության հարցեր»: «Կողմերը նաև պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության նվազման խնդիրը»,- նշել է նախարարը: Բանակցությունների ձևաչափի մասին Կոժարան ոչինչ չի հայտնել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Կիևը Բրյուսելին առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել համաձայնագրի դրույթների քննարկմանը, սակայն եվրոպացի պաշտոնյաններն առայժմ այդ առաջարկը չեն ընդունում, փոխանցում է correspondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում Պուտինի այցի պատճառով թաղումներն արգելվել են’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Փաստորեն, Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հզոր պաշտոն ա’