‘Ուկրաինան որոշեց. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրելու ‘

832

Այսօր ընդունված որոշմամբ ուկրաինական կառավարությունը կարգադրել է կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Նշենք, սակայն, որ Ավստրիայի նախագահ Հայնս Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան շարունակում է գնալ եվրոինտեգրացման ուղղով: «Ուկրաինան գնացել և հետագայում էլ գնալու է եվրոինտեգրացման ճանապարհով»,- այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր Յանուկովիչը:

Ինչ վերաբերվում է ԵՄ արձագանքին, ապա ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ սպասում է ուկրաինական կառավարության ընդունած որոշման մանրամասներին՝ նշելով, որ միայն ուկրաինական իշխանություններն են որոշում կայացնում իրենց ապագայի վերաբերյալ:

ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն արդեն իսկ չեղյալ է հայտարարել Ուկրաինա ծրագրված այցը: Այդ մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Եվրոպական հանձնակատար Ֆյուլեն չեղյալ է հայտարարել իր այցը Ուկրաինա, սակայն նա շարունակում է կապ պահպանել ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Ստանոն:

Հ.Գ. Վիեննայում գտնվող Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ պատրաստ չէ մեկնաբանել Ուկրաինայի կառավարության ընդունած որոշումը: «Ես չեմ կարող այժմ մեկնաբանել, ես չգիտեմ դա ինչ կարգադրություն է»,- լրագրողներին հայտարարել է նախարարը Վիեննայում:

 

Նախորդ հոդվածը‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի նախագահն անիմաստ է համարել եվրոյի գովազդը’