‘
Ուկրաինան ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Փարիզից «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմը մրցանակաբաշխության է ներկայացրել ուկրաինական հանձնաժողովը:
«Օսկրարի» մրցանակի հավակնորդների կարճ ցանկում հայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը:
Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:
«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվա հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելով հատուկ ցուցադրմամբ:
‘