‘Ուկրաինացի պատգամավորները հաստատում են Յանուկովիչի որդու մահվան լուրը’

1242

‘

Կիրակի օրը ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Բայկալում խորտակված ավտոմեքենայի մեջ է եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը, որը զոհվել է:  Ավտոմեքենայի մյուս հինգ ուղևորներին հաջողվել է դուրս գալ այնտեղից:

Նախօրեին Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ Իրկուտսկի մարզի մամլո ծառայությունը հաղորդել է, որ ոստիկանությունը պարզում է Իրկուտսկի մարզում Բայկալի սառույցի տակ  սուզված ավտոմեքենայի ուղևորներից մեկի մահվան հանգամանքները:

Ընդդիմադիր դաշինքի ուկրաինացի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը հաստատել է, որ զոհվածը Վիկտոր Յանուկովիչի որդին է: «Ցավոք՝ դա ճիշտ է»,- ասել է նա BBC-ի ուկրաինական ծառայությանը տված մեկնաբանության ընթացքում: Ուկրաինացի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, հղում անելով սեփական աղբյուրներին, նույնպես հաստատել  է Յանուկովիչի որդու մահվան լուրը:

Ռուսաստանի ԱԻՆ-ը, սակայն, չի հաստատում, որ մահացածը Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն է: «Զոհվածը Դավիդով Վիկտորն է»,- BBC-ին հայտնել է ԱԻՆ Իրկուտսկի մարզի մամլո պատասխանատու Անդրեյ Շուտովը:

Միևնույն ժամանակ՝ РИА Новости-ն, հղում անելով հատուկ ծառայություններում սեփական աղբյուրին, տեղեկացրել է, որ Յանուկովիչի որդին կարող էր ազգանունը փոխել Ռուսաստանում՝ վախենալով հնարավոր հետապնդումներից: Աղբյուրները նաև հաղորդում են, որ Յանուկովիչի կնոջ օրիորդական ազգանունը Դավիդովա է:

‘

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Թե ինչ է պատահում, երբ Սերժիկ Սարգսյանը խոսում է առանց «շպարգալկայի»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը Հայաստան կժամանի մեծ պատվիրակությամբ’