‘Ուկրաինացի ցուցարարները պաշարել են կառավարության շենքը’

827

Այսօր առավոտյան Կիևի անկախության հրապարակում արդեն մի քանի օր անընդմեջ ակցիաներ անող ցուցարարների հիմնական մասն  ուղղվել է դեպի կառավարության շենքը և սկսել է պաշարել Կառավարության շենք տանող ճանապարհներն ու մուտքերը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ցուցարարները տասնյակներով կանգնել են կառավարության շենքի դարպասների մոտ,  որտեղով պետք է մուտք գործեն նախարարներն ու կառավարության աշխատակիցները:

Ինչպես РИА Новости-ին հայտնել է ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն, մի քանի տասնյակ ցուցարարներ, մեքենաներով և բեռնատարներով, արգելափակել են մուտքը, որով կառավարության ղեկավարը մտնում շենք:

РИА Новости-ն հայտնում է, որ կառավարության շենքի մոտ շատ են նաև ոստիկանական ուժերը, հատուկ ջոկատայիններ դեռ չեն նկատվում, իսկ ոստիկանությունը դեռ որևէ կերպ չի խոչընդոտում, ցուցարարներին:

Գերագույն ռադայի շենքը նույնպես պաշարված է ցուցարարների կողմից, նրանք տարերայնորեն հավաքվել են Ռադային հարող հրապարակում, իսկ փողոցը արգելափակել են դատարկ մարդատար մեքենաներով:

 

Ցուցարարների կողմից կառավարության շենքի պաշարման հետևանքով կառավարության աշխատակիցները, չկարողանալով մուտք գործել կառավարության շենք, հեռախոսով հրահանգ են ստացել գնալ իրենց տները և հեռախոսով սպասել հետագա ցուցումներին և հրահանգներին:

Այդ մասին, ըստ podrobnosti.ua-ի, հայտնել են կառավարության աշխատակիցներից մի քանիսը, սակայն լրատվամիջոցը չի կարողացել այդ ինֆորմացիան հերքող կամ հաստատող պաշտոնական տեղեկատվություն ստանալ:

Հիշեցնենք, որ ցուցարարները պաշարել են ուկրաինական կառավարության և խորհրդարանի շենքերը, ինչպես նաև գլխավոր բանկի շենքը: Նշենք, որ Կիևի ամբողջ  կառավարական թաղամասը տարբեր կողմերից պաշարված է մեքենաներով և ցուցարարներով:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի ոստիկանությունը կպատժի անկարգություններին մասնակցած ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘Լարված վիճակ՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ ակցիայի ժամանակ (Ուղիղ, լրացված, լուսանկարներ)’