‘Ուկրաինա, Աբխազիա… Հայաստանի հերթն է’

2813

Վերջին չորս ամիսների ընթացքում հետխորհրդային պետություններից արդեն երկրորդում ժողովրդի ճնշման ներքո գահընկեց արվեց օրինակարգ ընթացակարգերով ընտրված նախագահ: Ռուսաստանի ու ևս մի քանի պետությունների կողմից ճանաչված Աբխազիայի նախագահը հունիսի 1-ին հայտարարեց իր հրաժարականի մասին:

Թե՛ Աբխազիայում և թե՛ Ուկրաինայում՝ այս տարվա փետրվարին, հիմնական զարգացումները ծավալվեցին փողոցում և սկսվեցին վարչապետի հրաժարականի պահանջով: 2013 թ.դեկտեմբերի 8-ին Մայդանը նախագահ Վ. Յանուկովիչից պահանջեց պաշտոնից ազատել վարչապետ Ազարովին: Ի տարբերություն Հայաստանի՝ Յանուկովիչը միանգամից չկատարեց ընդդիմության պահանջը՝ փորձելով ձևացնել, թե երկրում ճգնաժամ չկա: 2014 թ. հունվարի 28-ին, երբ Ուկրաինայի վարչապետը հրաժարական տվեց, իրավիճակն այլևս այլ էր, եւ նախաձեռնությունն ամբողջությամբ ընդդիմության ձեռքում էր: Երեք շաբաթ անց Մայդանը պահանջեց Ուկրաինայի նախագահի հրաժարականը, ով տեղի տվեց փողոցի ճնշումներին:

Մայիսի 27-ին Սուխումում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները պահանջեցին հանդիպում Աբխազիայի նախագահի հետ՝ առաջարկելով վերջինիս իրականացնել արմատական բարեփոխումներ և պաշտոնանկ անել Աբխազիայի վարչապետին: Ինչպես և Ուկրաինայում, Աբխազիայի նախագահ Ալ. Անկվաբը հրաժարվեց ժողովրդի հետ առերեսումից և վերջինիս պահանջը կատարելուց: Հաջորդ օրը ընդդիմությունը և նախագահական նստավայրի մոտ հավաքված բազմությունը բարձրացրին նշաձողը՝ պահանջելով արդեն նախագահի հրաժարականը: Այդ օրերին Սուխում էին ժամանել Ռուսաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախագահի օգնական Վ. Սուրկովն ու ԱԽ քարտուղարի տեղակալ Ռ. Նուրգալիևը, որոնք, այնուամենայնիվ, չկարողացան մեղմել ընդդիմության վճռականությունը և իրադարձությունների հեղափոխական ընթացքը: Կարճատև բանակցություններից հետո հունիսի 1-ին Աբխազիայի նախագահը հրապարակեց հրաժարականը:

Աբխազիայի զարգացումները շատ նման էին ուկրաինական Մայդանին: Չնայած Ռուսաստանի վերապահումներին՝ հեղափոխական զարգացումների վերաբերյալ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ Աբխազիայի նախագահի պարտադրված հրաժարական, և իշխանության մեջ հայտնվեցին օրինակարգ լիազորություններ չունեցող մարդիկ: Օրինաչափ կարելի է համարել այն, որ Ռուսաստանը կրկին չկարողացավ կամ չցանկացավ խափանել իր համար իրադարձությունների անցանկալի զարգացումները: Որպեսզի պարզ լինի, թե որքան է Աբխազիան կախված ՌԴ-ից, միայն նշենք, որ վերջինս ֆինանսավորում է Աբխազիայի բյուջեի 2/3-ը:

Վ. Յանուկովիչի ու Ալ. Անկվաբի ճակատագրից կարողացավ ժամանակավորապես խուսափել Ս. Սարգսյանը՝ իր ամենահավատարիմ զինակից Տ. Սարգսյանի պաշտոնանկության գնով: Նա կանխեց վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլի վերջին նախատեսված քառյակի հանրահավաքը` կանխազգալով ընդդիմության պահանջների հնարավոր ռադիկալացումը:

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում էր, որ իշխանության վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները մեղադրում էին ընդդիմության՝ քաղաքական քայլերի ավելի մեղմ տարբերակը ընտրելու որոշումը: Զգալով, որ ընդդիմությունը որդեգրել է իշխանափոխության աստիճանական մարտավարությունը, իշխանությունները փորձում էին ապակողմնորոշել բնակչությանը՝ մեղադրելով քառյակին իբր վճռականության պակասի մեջ:

Այժմ քառյակը ձևավորեց իր երկրորդ օրակարգը՝ իշխանություններին ներկայացնելով տասներկու պահանջ, ինչն իր հերթին նախադեպ չունեցող իրադարձություն է: Փորձ է  արվում գործել «կառուցողական» դաշտում ՝ ներկայացնելով գերազանցապես բնակչության մեծ մասին ամենաշատ հուզող պահանջները: Սեպտեմբերի վերջին նախատեսված հանրահավաքում, որին, բացի քառյակին սատարող բազմահազար քաղաքացիներից՝ մասնակցելու են նաև կառավարությանը ներկայացրած պահանջների շահառուները, ամփոփվելու է այդ պահանջների կատարումը: Գալու է այս իշխանությունից հաշիվ պահանջելու ժամանակը:

Վ. Կարապետյան

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախագահ. Բանակցությունների գործընթացը պետք է անցկացվի Մադրիդյան սկզբունքներով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ’