‘Ուկրաինա. Անկախության հրապարակը նորությունների է սպասում Վիլնյուսից’

786

Ուկրաինայի իշխանությունների կողմից եվրաինտեգրման գործընթացը կասեցնելուց հետո  մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերը շարունակվում են. Կիևի կենտրոնական հրապարակում, առաջվա պես, տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքված: Ողջ Ուկրաինայից ավելի քան յոթ հազար ուսանողներ երեկ Անկախության հրապարակում միացել են ցուցարարներին ազգային օրհներգի ուղեկցությամբ և «Ուկրաինան Եվրոպա է» կարգախոսներով: Հավաքվածները նորությունների են սպասում Վիլնյուսից, որտեղ երեկվանից մեկնարկել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: «Մեր պահանջը մեկն է՝ ստորագրել համաձայանգիր Եվրամիության հետ: Մենք երբեք հույսներս չենք կորցրել՝ ո՛չ այն ժամանակ, երբ պայքարում էինք բոլշևիկների դեմ, ո՛չ այն ժամանակ, երբ նացիստներն էին մեզ ռմբակոծում, ո՛չ էլ Խորհրդային Միությունից դուրս գալիս»,- ասել է ցուցարարներից մեկը: «Մեր պատմությունը եվրոպական պատմության մի մասն է: Եւ մենք մեր ապագան  չենք կառուցելու «մաքսային» միության կամ ասիացիների հետ, մեր տեղը Եվրոպայում է»,- հավելել է մի ուսանող:

Դիտորդները նշում են, որ ցուցարարներն իրենք էլ չգիտեն, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը: Ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջարկել են այսօր՝ նոյեմբերի 29-ին, պահանջել նոր ընտրություններ անցկացնել բոլոր մակարդակներում, ուսանողներին՝ երկուշաբթի դասադուլ անել: «Թեև Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու մասին, սակայն Կիևի կենտրոնում հավաքվածները հույս ունեն, որ Վիլնյուսի գագաթնաժողովի վերջին օրն ինչ-որ բան կփոխվի: Համենայն դեպս՝ մինչև ուրբաթ երեկո նրանք մտադիր չեն հեռանալ հրապարակից», Կիևից հաղորդել է euronews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի տարածքում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Վիլնյուսից’