‘Ուկրաինա. Բանակցություններ՝ հրաձգության ուղեկցությամբ’

662

Եվրամիության ղեկավարներից՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ քննարկել են նրանց հետագա անելիքները, քանի որ Կիևի հայտարարած միակողմանի զինադադարը  դադարեցվելու է երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 23.00-ին: Ուկրաինական իշխանությունների խաղաղության նախաձեռնությունը, փաստորեն, պաշտպանության չարժանացավ ռուսաստանամետ անջատականների կողմից, և հանգստյան օրերին ամենուրեք շարունակվել են զինված ընդհարումները:

Հեռախոսային կոնֆերանսը ձգվել է երկու ժամ: Սա վերջին շաբաթվա ընթացքում առաջնորդների երկրորդ զրույցն էր: Դրա անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ Ուկրաինայի արևելքում չեն դադարում զինված բախումները: Հրաձգությունը շարունակվում է նաև Սլավյանսկում:

Ուկրաինայի զինված ուժերի մամլո քարտուղարը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում բախումների արդյունքում շաբաթ և կիրակի օրերին զոհվել է հինգ զինվոր, առնվազն 17 հոգի վիրավորվել են: Նա նաև տեղեկացրել է, որ ռուսաստանամետ ուժերը Դոնեցկում գերի են վերցրել հակաօդային պաշտպանության զորամասի վեց ծառայողների:

Կիևում կիրակի օրը նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցուցարարները դժգոհ են Պոռոշենկոյի որոշումից՝ միակողմանիորեն կրակը դադարեցնելու վերաբերյալ: Ցուցարարներից մեկը Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, որ «զինադադարը ոչինչ չի տվել՝ բացի մեր զինվորների մահերից»:

Բազմահազար ցուցարարները, որոնց ավելի ուշ Մայդանում միացել են կամավորական «Դոնբաս», «Դնեպր», «Այդար» գումարտակների մարտիկները, պահանջել են չեղյալ հայտարարել զինադադարը և այդ շրջանում մտցնել ռազմական դրություն: Պահանջները փոխանցվել են նախագահի գրասենյակին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում գրանցվել է 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաեւ Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակիցա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման’