‘Ուկրաինա. Պոռոշենկոն կարող է ժամկետից շուտ չեղյալ հայտարարել զինադադարը’

597

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն զինվորականներին հրամայել է անջատականների հարձակումների դեպքում առանց երկմտելու կրակ բացել, տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:

«Պետության ղեկավարը չի բացառում, որ կրակը դադարեցնելու ռեժիմը կարող է ժամկետից շուտ չեղյալ հայտարարվել, քանի որ այն մշտապես խախտվում է դրսից վերահսկվող գրոհայինների կողմից»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:

Զինադադար հայտարարելու պահից ի վեր գրոհայինները 35 անգամ կրակ են բացել ուկրաինական զինվորականների ուղղությամբ, իսկ հունիսի 24-ին ուղղաթիռ են խոցել, որի արդյունքում ինը մարդ զոհվել է, հայտարարել են նախագահի վարչակազմից:

Պոռոշենկոն մտադիր է այսօր հեռախոսային խորհրդակցություն անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Պոռոշենկոն հուսով է, որ այդ խոսակցությունից հետո «Ռուսաստանը կզինաթափի և Ուկրաինայի տարածքից դուրս կբերի վարձկաններին», ասված է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մահացել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը’
Հաջորդ հոդվածը‘Բորոդայ. Իմաստ չուներ Կիևի հետ զինադադարը պահպանել’