‘Ուկրաինա-Ռուսաստան «գազային» սրացումներ ‘

910

Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլայ Ազարովը տարբեր կերպ են գնահատել ռուսական գազի համար միլիարդանոց պարտքի հետ կապված իրավիճակը: Այսօր «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինան մինչ այսօր չի վճարել օգոստոս ամսին մատակարարված գազի դիմաց առաջացած պարտքը, իսկ պարտքի մուծման ժամկետը լրացել է հոկտեմբերի 1-ին:

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը մեկնաբանելով այս տվյալները՝ խոստովանել է, որ խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ նշել է, որ այդ խնդիրները ծայրահեղ չեն և Կիևը վերահսկում է այդ հարցերը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, սակայն, չի համաձայնվել այդ տեսակետի հետ և նշել է, որ գազի պարտքի մարման հետ կապված հարցերը իրականում ծայրահեղ են:

Մեդվեդևը նաև նշել է, որ եթե պարտքի հարցը չլուծվի, Ռուսաստանը պատրաստ է անցնել գազի մատակարարման կանխավճարային համակարգի:

«Գազի վճարների հավաքագրման համար մենք պարտավոր ենք ապահովել հարյուր տոկոսանոց պայմաններ: Ես գտնում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ պարտքերի ներում՝ «գազային կոմունիզմ» ապագայում չի լինելու»,-ընդգծել է Ռուսաստանի վարչապետը:

Նշենք, որ միևնույն ժամանակ ուկրաինական իշխանությունները շարունակում են իրագործել Եվրոպայից գազի գնման իրենց ծրագրերը:

Նախորդ շաբաթ Ուկրաինան պայմանավորվածություն ձեռք բերեց Խորվաթիայի և Հունգարիայի հետ՝ Ադրիատիկ ծովով անցնող գազային միջանցքի ծրագրի կապակցությամբ: Ուկրաինան նաև հույս ունի գազ ստանալ Ռումինիայից և Սլովակիայից:

Նախորդ հոդվածը‘Փոխքաղաքապետ. «Պարկինգ-բիզնեսը» կարող է քաղաքապետարանը կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Ամենաթանկ սունկը. 2000 դոլար՝ 1 կգ-ի համար’