Drastic Research-ի հետազոտողների խումբը պնդում է, որ հայտնաբերել է 2018 թ․ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ուհանի գիտնականները դիմել են կառավարական գրանտի՝ չղջիկներին կորոնավիրուսով վարակելու հետազոտություն անցկացնելու համար։
Drastic-ը, եթե հավատանք կազմակերպության կայքին, գիտնական-փորձագետների անկախ թիմ է, որոնցից շատերն անանուն են աշխատում։
Նրանց հայտնաբերած փաստաթղթերից պարզ է դառնում, որ համավարակի մեկնարկից ընդամենը 18 ամիս առաջ գիտնականներն առաջարկել են Յուննան նահանգում չղջիկների քարանձավները մշակել կորոնավիրուսների դասի «նոր հիբրիդային վիրուսի սպիտակուցներ պարունակող» նանոմասնիկներով, որոնք կվարակեն չղջիկներին։
Ուշագրավ է, որ գրանտի հայտ է ներկայացրել ոչ թե չինացի գիտնական, այլ բրիտանացի կենդանաբան Փիթեր Դացակը՝ ամերիկյան EcoHealth Alliance ընկերությունից, որը սերտորեն համագործակցել է Ուհանի ինստիտուտի հետ։ Էքսպերիմենտն իրականացնող գիտնականների թիմում ընդգրկված են՝ եղել ինստիտուտի մի աշխատակցուհի, որի մասնագիտացումը եղել են չղջիկները, ինչպես նաև մի քանի ամերիկացի գիտնականներ։
Փաստաթղթերի իսկությունը, իբր, հաստատել է կորոնավիրուսի արհեստածին լինելու տեսության կրքոտ կողմնակից Դոնալդ Թրամփի վարչակազմի մի նախկին աշխատակից։ Drastic-ի թիմն առաջին անգամ չէ, որ փորձում է այդ տեսությունը հաստատող ապացույցներ գտնել։
Drastic-ը գիտական հանրությանը կոչ է անում մանրակրկտորեն ուսումնասիրել, որ հնարավոր է՝ վիրուսը հատուկ է տարածվել մարդկանց շրջանում, քանի որ հայտնաբերված փաստաթղթերում, ինչպես նշվում է, ենթադրվում է, ի թիվս այլոց, որ մարդիկ վիրուսով վարակվել են վերահսկվող պայմաններում։
ԱՀԿ-ն, սակայն, առայժմ վիրուսի արհեստածին լինելու վարկածը քիչ հավանական է համարում։
Փոխանցում է BBC-ն։