‘Ուղերձային ծաղկաքաղ՝ ԼՂ հիմնախնդրի ակնարկներով ‘

830

Սկսե՞լ ա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ֆրոնտում լարվածություն է նկատվում: Ավելի ճիշտ՝ աշխուժություն: Իսկ նման աշխուժության համար, բնականաբար, չկա առավել նպաստավոր ժամանակ, քան հետընտրական շրջանն է: Ընդ որում, հետընտրական ամենաթարմ շրջանը: 2008-ի ընտրությունները ցույց տվեցին, որ միջազգային ջանքերը նման հարցերում առավել ակտիվ են լինում ընտրություններին անմիջապես հաջորդող առաջին տարում, երկրորդ տարում դրանք մի փոքր դանդաղում են, երրորդ տարում՝ աշխուժությունը սկսում է անկում ապրել, չորրորդ տարում սկսվում է պաուզան, հինգերորդ տարում սկսվում  է նոր պայմանավորվածությունների շրջանը: Այս անգամ էլ միջազգային հանրությունը կարծես թե որոշել է ձևականությունների հետևից չընկնել, և ըստ էության, նախագահական ընտրությունների քվեարկության հաջորդ իսկ օրվանից սկսվել է աշխուժացման գործընթացը: Որ իզուր տեղը ժամանակ չծախսեն: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շուտափույթ նամակ շնորհավորանքը, հետո ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորանքը, հետո՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորանքը, որոնք բոլորն էլ հստակ մեսիջներ էին պարունակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, այդ պահով որոշակի ակնարկ կա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի շնորհավորական ուղերձում: Չնայած, որ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ: Բայցևայնպես, հետաքրքիր է:

Ֆրանսուա Օլանդ. « Ընտրություններից հետո, վերահաստատում եմ նաև վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը»:

Բարաք Օբամա. «Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը»:

Ջոն Քերի. «Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»:

Դեյվիդ Քամերոն. « Միացյալ Թագավորությունն ու Հայաստանն ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարներից այս պարագայում միայն Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների շնորհավորանքներն են քննարկում, քանի որ համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ նախագահ Պուտինի նամակը ինչպես միշտ՝ սովորական շնորհավորական տեքստ էր, առանց թափանցիկ կամ ոչ թափանցիկ ակնարկների: Ինչպես միշտ, ակնհայտ է, որ ժողովրդավարությունը ՌԴ նախագահ Պուտինին չի հետաքրքրում, հետևաբար նա չի խոսի իր նամակում Հայաստանում ժողովրդավարական գործընթացներից և այդ համատեքստում էլ անցում չի կատարի ԼՂ հիմնախնդրին:

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների պարագան մի քիչ այլ է: Այսպիսով, ընտրություններից անմիջապես հետո ունենք Օլանդի և Օբամայի շնորհավորանք-բացիկները՝ ԼՂ հարցով փաթեթավորված, որին հաջորդել է արդեն Ֆրանսիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ապա՝ Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեկ այդ հանդիպման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որից պարզ է դառնում, որ ընտրությունների հատ կապված գործընթացները դեռ չավարտված, կենացներն արդեն քաղցրանում են: Մեղմ ասած:

Ահա թե ինչ է ասում եԱՀԿ Մինսկի խումբը. Հանդիպման ժամանակ համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական չվերթների և սահմանին վերջերս արձանագրված բռնության դեպքերի կապակցությամբ: Նրանք նաև քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված գաղափարներ:

Ապա, ուշադրություն հավելում է. «Համանախագահները մոտակա շաբաթներին կայցելեն տարածաշրջան, որպեսզի նախագահների հետ քննարկեն այն քայլերը, որոնք միտված կլինեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելուն»:

Սա նշանակում է, որ միջնորդները այժմ աշխատում են ընտրություններին հաջորդող շրջանում, հնարավորինս արագ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ նման մակարդակով հանդիպում տեղի չէր ունեցել:

Մի խոսքով, հետընտրական շրջան է, և ինչպես ցույց են տալիս տեղի ունեցող իրադարձությունները, կրքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ, սկսում են թեժանալ:

Քրիստինե Խանումյան 

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53- րդ-ն է’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. Վարդան Սեդրակյանը կալանքի տակ է’