‘Ուղերձ Գյուլին, կամ ինչո՞ւ է շտապում Սերժ Սարգսյանը ‘

1115

Հոկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը Թուրքիայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը այդ շնորհավորական ուղերձը հղել է 4 օր շուտ, քանի որ Թուրքիայի տոնը նշում են հոկտեմբերի 29-ին: 

Դիվանագիտական պրակտիկայի առումով շնորհավորանքն ինքնին նորմալ է` անկախ այն հանգամանքից՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի՞ Թուրքիայի հետ, թե՞ ոչ: Առավելեւս, եթե խոսքը մի հարեւանի մասին է, որն ուղղակի սահմանակից է քո երկրին:
Մինչդեռ 4 օր առաջ շնորհավորելը որեւէ դիվանագիտական նորմ չի պարտադրում: Դա արդեն այդ երկրների ղեկավարների անձնական փոխհարաբերությունների հարցն է: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն, օրինակ, մեր անկախության օրը սովորաբար շնորհավորում է հենց սեպտեմբերի 21-ին: Իսկ մեր սահմանակից Վրաստանը, որը Հայաստանի համար էլի ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, հաճախ Հայաստանին շնորհավորում էր հաջորդ օրը` սեպտեմբերի 22-ին:
Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 4 օրով շտապել եւ շնորհավորել Աբդուլլահ Գյուլին: Դե ֆակտո ստացվում է, որ Սարգսյանն առաջինն է շնորհավորել Թուրքիայի նախագահին: Եթե Սարգսյանի շնորհավորանքի հիմնական նպատակը դա էր, ապա այն առնվազն տարօրինակ նպատակ է: Մի կողմից` նախագահական ընտրություններից առաջ Սարգսյանը նորից անցել է «հայրենասիրական» ծիրին, հարցազրույցներ է տալիս եւ բողոքում, որ Հայոց Ցեղասպանությունը դարձել է մոռացված արհավիրք: Մյուս կողմից էլ`շտապում է դիվանագիտական նորմերի տեսանկյունից չպարտավորեցնող քայլ անել եւ առաջինը շնորհավորել այն երկրի տոնը, որից ինքը մի երկու օր առաջ բողոքում էր: Փաստացի, բողոքելով հանդերձ` Սարգսյանը դեռ հույսեր է փայփայում, որ ինքը դեռ կարող է Ցեղասպանության հարցի առուծախը ավարտին հասցնել` կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու բացել սահմանը: Դրա համար էլ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ներքին քարոզչության համար ինքը բռնել է «հայրենասեր»-ի ուղին, իսկ արտաքին աշխարհի համար շարունակում է խաղացնել ազատականի կերպարը, որը պատրաստ է Ցեղասպանության հարցը հայ-թուրքական արձանագրություններում ներառելու գնով կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

Փաստացի՝ Սերժ Սարգսյանը երկակի խաղ է խաղում` հույսով, որ դա իրեն երկու դիվիդենտ պետք է բերի` ներսից եւ դրսից: Սերժ Սարգսյանն, իհարկե, հասկանում է, որ սա իրականում արդյունք չբերող քայլ է: Բայց դե, թերեւս մտածում է` փորձը փորձանք չէ. փորձի, գուցե եւ ուզածին հասնի: Բայց դե մարդն ի՞նչ մտածեր, որ 4 օր առաջ շնորհավորելու իր քայլը ծաղրի առարկա կդառնար երկու կողմից էլ: Հայ հանրությունը երեկվանից քննարկում է իր այդ քայլը եւ անարգանքի սյունին գամում Սարգսյանին: Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնիսկ լայաղ չի արել իր պաշտոնական կայքում տեղադրել Սերժ Սարգսյանի` Թուրքիայի տոնի առթիվ հոկտեմբերի 25-ին ուղարկված շնորհավորանքը: Առ այս պահը Գյուլի կայքում որեւէ տեղեկատվություն չկա Սարգսյանի շնորհավորանքի մասին: Ասել է թե՝ եթե Սարգսյանի համար 4 օր առաջ շնորհավորելը խիստ կարեւոր նշանակություն ուներ, Գյուլի համար այն չնչին մի բան էր, որին նա նույնիսկ մինչ այժմ ուշադրություն չի էլ դարձրել: Սարգսյանն այս քայլով հերթական անգամ սխալ «ստավկա» արեց` թե՛ Հայաստանի առումով, թե՛ Թուրքիայի: Արդյունքում՝ մնաց միայն այն, որ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր իսկ հայտարարությունների, շտապեց առաջինը շնորհավորել Աբդուլլահ Գյուլին, այն էլ` 4 օր շուտ: Մի բան, սակայն, կարող ենք արձանագրել. պաշտոնի կորուստը զգացող մարդու համար սա նորմալ քայլ է: Նման իրավիճակներում մարդիկ կախվում են անգամ փրփուրներից:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում են Windows-8-ի վաճառքները’
Հաջորդ հոդվածը‘Ուդալցովին անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել’