‘Ուշադրություն, զոհ են գտել՝ Տիգրան Սարգսյանի՛ն…’

2040

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

Դասագրքային ճշմարտություն

Ինչպես երեւում է՝ Շանթն ու Վարդան Պետրոսյանը «քչություն» են անում Բաղրամյան 26-ի գաղափարախոսներին: Այլ խոսքով՝ հիշյալ անձանց հետ կապված աղմուկն, իհարկե, զբաղեցրեց եւ դեռ զբաղեցնում է  գազի դիմաց որեւէ պայմանագրով չհիմնավորվող բարձր սակագին վճարող կամ մի գիշերում ՄՄ-ում հայտնված մեր բնակչությանը, բայց նաեւ  ի զորու չեղա՛վ նրան անհրաժեշտ չափով օտարել սպասվող տրանսպորտային թանկացումների, կենսաթոշակային բարեփոխումների, արարատյան ընտրությունների, վերջապես՝ անհրաժեշտ իշխանափոխության շուրջ «կենտրոնացումից»:

Այս իրավիճակում ինչ է պետք անել՝ ակնհայտ է: Գտնել հանրությանն ու մամուլին առավելապես զբաղեցնող նոր թեմաներ: Թե կուզեք՝ ինտրիգներ: Ընդ որում՝ այնպիսիք, որոնք հատկապես կշոշափեն իշխանության բարենորոգման թեման: Մի բան, որ 2008-ից սկսած՝ պալատական սազանդարներն ու իշխանաձեւ մամուլն անընդհատ թմբկահարում են, դրա անհրաժեշտությունը երբեմն նույնիսկ ընդդիմադիրներից էլ ընդդիմադիր բառամթերքով ներկայացնում, բայց ինչի գոնե մե՛կ հաջողված նմուշօրինակն այդպես էլ չենք տեսնում:

Բնականաբար, թեժ տասնյակի առաջին հորիզոնականը վարչապետն է զբաղեցնում: Վերջին օրերին կրկին առաջին պլան է մղվել Սերժ Սարգսյանի կողմից նրան, իբր, առաջիկայում «զոհաբերելու» չարչրկված ինտրիգը: Այն էլ այնպիսի ձեւակերպումներով, որին նույնիսկ նախկինում թունդ եւ անկոմպրոմիս ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը կնախանձեր՝ վարչապետի առիթով հնչեցրած իր «կապված ձեռքերի թեզով»:

«Վարչապետը չի վայելում օլիգարխների, կլանների ու քրեական տարրերի աջակցությունը, վարչապետը նախագահի համար արեւմտյան գործընկերներ ու փողեր գտավ, հետո Մաքսային միության պատճառով մերժվեց նաեւ Արեւմուտքում, ՌԴ-ում վրեժ լուծեցին վարչապետից ու նախագահի պատճառով ստորացրին նրան, երբ նոյեմբերի 20-ին վարչապետը գործուղման  մեկնի, նախագահն «ուխտադրուժ կերպով» կզոհաբերի նրան». մոտավորապես ահա՛ այն ծաղկաքաղը, որ այս օրերի ԶԼՄ-ներից արվեց, եւ որը, ինքներդ եք հասկանում, ոչ միայն չի արտացոլում իրերի իսկական դրությունը, այլեւ ծայրից ծայր նենգափոխում է այն:

Բացատրենք՝ ինչու: Նախ՝ այս երկրում, որտեղ տոտալ վերահսկողություն է իրականացվում նույնիսկ հեռավոր գյուղի կորած-մոլորած կրպակի ապրանքաշրջանառության ու անձամբ դրա  տիրո՛ջ նկատմամբ, չի կարող գոյություն ուենալ որեւէ կլան կամ քրեական տարր, որի գործունեությունը դուրս լինի Բաղրամյան 26-ի «կարգավորումից»: Այս դեպքում, ուրեմն, պարզից էլ պարզ է, որ սրանք բոլորը Սերժ Սարգսյանի վարչապետին եթե չեն էլ աջակցում, հաստատ նաեւ չեն կարող  խանգարել նրան: Բացի այդ, մնացած կապերը մի կողմ դրած՝  առկա է նաեւ հայտնի օլիգարխ Ֆլեշի Բարսեղի հանգամանքը: Ինձ այնպես է թվում, որ մեզանում երեխաներն էլ գիտեն Տիգրան Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի ջերմ եւ թափանցիկ «տուրեւառի, փոխադարձ բարեպաշտ հովանավորչության» , վերջապես՝ հենց կասկածելի տարրերի հետ վարված  օֆշորային ու օֆշորանման «վարչապետական պատերազմների» մասին:

Արդյունքում ինչ եզրահանգման կարելի է գալ՝ ակնհայտ է. ծիծաղելի են  ուղղակի, մի կողմից՝ բոլոր նրանց պնդումները, թե՝ այո, երկրում անհրաժեշտ են բարեփոխումներ, եւ վարչապե՛տն է դրանց խանգարում /խանգարում էր՝  Սերժ Սարգսյանը պաշտոնանկ աներ/, մյուս կողմից էլ՝ արդեն նույնիսկ ծիծաղելի չէ գառնիկիսագուլյանական-ֆլեշական այն մտասեւեռումը, թե միայն Սերժ Սարգսյա՛նն է մեղավոր «բեսպրեդելի համար», որը պիտի կանգնեցվի նրա հրաժարականով: Իբր՝ տեսեք-տեսեք՝ Քոչարյանի նմանությամբ չկարողացավ տարածաշրջանի ամենակազմակերպված պետության նախագահը լինել:

Սերժն էր մեղավո՞ր, իսկ ինչո՞ւ բոլորդ հենց նրա՛ն պաշտպանեցիք՝ չկանգնելով այդ նույն  «բեսպրեդելի» դեմ  Ազատության հրապարակում կանգնած ժողովրդի կողքին: Հիմա՞ ինչու չեք միանում: Մի բան էլ՝ չլինի՞ վարչապետն էլ է նույն կարծիքին, որ իր ութամյա ձախողումների համար Սերժ Սարգսյանն է մեղավոր: Դե հրաժարական տար: Հրաժարական տար ու գար կանգներ մեզ հետ միասին հրապարակում: Չտվե՛ց, չի՛ տալիս: Սերժ Սարգսյանի պես:

Հրաշալի է: Ուրեմն՝ մենք էլ մեր հերթին իրավունք ունենք պնդել, որ այսօրվա պատասխանատուն ոչ միայն Սերժ Սարգսյանն է, այլեւ Տիգրան Սարգսյանն ու մնացած բոլորը, ովքեր ամեն բան արին՝ Բաղրամյան 26-ը «անառիկ ամրոց» դարձնելու եւ այն այդպիսին պահելու համար: Կրակոցներո՛վ, քարոզչությա՛մբ, փողո՛վ, ռեժիմին մաս կազմելով, թե լուռ մի կողմ քաշվելով՝ կապ չունի: Սրանք բոլորը պատասխանատվություն են կրում բոլորիս առաջ՝ այսօր, եւ պատմության առջեւ՝ վաղը…

Հ.Գ. Ի միջի այլոց, եթե այնպես պատահի, որ Սերժ Սարգսյանն իսկապես էլ փոխի Տիգրան Սարգսյանին, ինչում խիստ կասկածում ենք, այդ քայլը ոչ միայն բարեփոխման հետ որեւէ հեռավոր աղերս չի ունենա, այլեւ ընդամենը հերթական քարոզչական տրյուկն ու խաբեությունը կլինի: Ինչո՞ւ: Որովհետեւ նախ ինքը՝ Սերժ Սարգսյանը չի կարող լավ վարչապետ ցանկանալ եւ ունենալ, իսկ հետո՝ իրեն հարգող ոչ մի մարդ ի վիճակի չէ աշխատել այս պայմաներում: Համակարգը վերից վար, ամբողջովի՛ն է պետք կազմաքանդել, թե չէ՝ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում եւ չի փոխվելու… 

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Արժանապատվություն» հասկացությունը վտանգված է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հարցապնդումը կառավարությանը’