‘
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը կարծում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցելու է 2016 թ. նախագահական ընտրություններին և հաղթելու է:
«Հիլարին հաղթելու է,- հայտարարել է նա երեքշաբթի Կալիֆոռնիայում Fortune ամսագրի վարկածով ամենահեղինակավոր կանանց ֆորումում:- Ես դրա վրա խաղագումար եմ դնում: Իսկ ես նման բաները հենց այնպես չեմ անում»:
Բաֆեթի կարծիքով՝ Քլինթոնը պաշտոնապես իր առաջադրվելու մասին կհայտարարի «հնարավորինս ուշ», մինչդեռ ամերիկյան շատ քաղաքագետների կարծիքով՝ Քլինթոնն արդեն նախընտրական քարոզարշավ է վարում:
Այն մասին, թե ով կդառնա Քլինթոնի մրցակիցն ընտրություններում՝ Բաֆեթը դատողություններ չի անում, սակայն նրա կարծիքով՝ ցանկացողների պակաս չի լինի:
Ուորեն Բաֆեթն ԱՄՆ-ի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Նրա կարողությունն այժմ գնահատվում է մոտավորապես 67 մլրդ դոլար: Փոխանցում է ТАСС-ը:
‘