‘Ուորլիք. Սարգսյանը և Ալիևը միմյանց պարզ հասկացրել են, որ եկել է հաշտության ժամանակը’

1043

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպելու հնարավորություն ունեն, նրանք կարող են հստակեցնել իրենց դիրքորոշումները և նվազեցնել տարաձայնությունները գլխավոր հարցերի շուրջ` ինչպես դա եղավ Փարիզում: Այդ մասին report.az-ին հայտարարել է ԵԱՀԿ  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով Սարգսայն-Ալիև հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հանդիպումը Փարիզում, հաղորդում է ԱրմԻնֆոն:

«Ես ոգևորված էի, որ երկու կողմերը ցանկանում են հակամարտության դադարեցում բանակցությունների ճանապարհով: Նրանք միմյանց պարզորոշ հասկացրեցին, որ եկել է հաշտության ժամանակը, և հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքը պետք է տեղը զիջի համագործակցնության նոր դարաշրջանին», — հայտարարել է համանախագահը:

Նա նշել է, որ հանդիպումները նաև նպաստում են իրավիճակի կայունացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում:

«Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարեց, որ եկել է համապարփակ հաշտության համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Ես հուսով եմ, որ կողմերը լրջորեն  կքննարկեն այդ քայլը: Նա նաև առաջարկել է վստահության ամրապնդման միջոցներ, որոնք կարող էին հիմք դնել հաշտության համար», — հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը հակամարտող կողմերին կոչ է արել ձեռնարկել միջոցներ, որոնք կապահովեն վստահության ամրապնդում, և ողջունել է անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ միջոցով տվյալներ փոխանակելու շուրջ նախագահների համաձայնությունը Փարիզում: «Իսկական բանակցային գործընթացը տարածաշրջանի ժողովուրդների համար հզոր ահազանգ կլինի այն մասին, որ կողմերը հասկանում են հաշտության առավելությունները», — եզրափակել է միջնորդը:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանը համեմատել է քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի հետ’
Հաջորդ հոդվածը‘ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» ամերիկյան մրցանակաբաշխությանը’