‘Ուորլիք. Վաշինգտոնը «նոր ջանքեր և վստահություն» է ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններում’

652

Վաշինգտոնը «նոր ջանքեր և վստահություն» է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններում: Այդ մասին «Թուրանին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Անդրադառնալով համանախագահների առաջիկա այցին տարածաշրջան` նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը համարում է երկու երկրների ժողովուրդների և կառավարությունների կողմից այնպիսի որոշման կայացումը, որը տևական խաղաղություն ապահովի տարածաշրջանում: «Տարածաշրջանին իմ ծանոթացումը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են կարգավորում և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Եթե հակամարտությունը կարգավորվի, վստահ եմ, դա Կովկասին կբերի  բարգավաճում: Ուստի մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ուղիներ, որոնք մարդկանց և կառավարություններին թույլ տան հասնել այդ նպատակին», — ասել է համանախագահը: Տարածաշրջանում առկա իրավիճակը որակելով «վտանգավոր»` Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել, թեև հակամարտությունն ունի «հայելային հնարավորություններ», եթե երկու երկրների ղեկավարները ընտրեն խաղաղ տարբերակը և Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդները երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ փորձում են սեղանի շուրջ նստեցնել երկու երկրների ղեկավարներին, «կենսական կարևորություն է ձեռք բերում միմյանց հանդեպ կողմերի վստահության աստիճանը», նշել է նա: «Հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք այցելել տարածաշրջան` երկու նախագահների հետ հանդիպելու համար, հուսով ենք, որ նրանք իրենց հանդիպման վերաբերյալ որոշում կկայացնեն: Կարևոր է բաց պահել դռները, պահպանել կապերը և վարել առաջընթացի շուրջ արդյունավետ բանակցություններ: Ես հուսով եմ, որ Մինսկի խումբը կարող է օգնել դրանում», — ընդգծել է Ուորլիքը:

Ինչ վերաբերում է բանակցությունների և քննարկվելիք թեմաների մանրամասներին, դիվանագետը նշել է, որ «առաջ պետք է նայել իրատեսորեն»: «Այժմ անհրաժեշտ է ձեռնարկել գործնական քայլեր, որոնք անհրաժեշտ են լայնածավալ բանակցություններ վարելու և հանգուցալուծման հասնելու համար. Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հենց դրան են սպասում», — ասել է նա:

Չորեքշաբթի Ջեյսմ Ուորլիքը ելույթ է ունեցել Ջորջթաունի համալսարանում` Հարավային Կովկասում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությանը նվիրված խորհրդաժողովում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ` թեև այն կարելի է անվանել նաև մոռացված հակամարտություն», — ասել է նա` ելույթ ունենալով հավաքվածների առջև: 

 

Նախորդ հոդվածը‘647 մլն՝ Ս. Սարգսյանին, ԱԺ-ին եւ կառավարությանն ամրակցված շենքերը վերանորոգելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Արարատ. Թե ինչ եղավ հետո, երբ պետական բյուջեն խառնեցին սեփական գրպանի հետ’