‘
«Այսօր առավոտյան ես Ինֆորմատիկայի քոլեջում հայտարարեցի, որ դասադուլ ենք անում, քոլեջի փոխտնօրեն Բաղդասարյանը լսեց ու ինձ ասաց, որ վաղվանից էլ դասի չգամ. ես հեռացված եմ»,- դասադուլավոր ուսանողների ակցիայի ժամանակ iLur.am-ի հետ զրույցում ասաց այդ քոլեջի 3-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Հովհաննես Ղազարյանը:
Վերջինս բավականին սրտնեղած էր ու որոշել էր ոչ թե սպասել հեռացման հրամանին, այլ ինքնական դիմում գրել, քանի որ իր իսկ խոսքերով՝ պետք չէ նման քոլեջում սովորել: Հովհաննեսը նկատեց նաև, որ իրենց քոլեջից միայն ինքն է մասնակցում ակցիային, իսկ մնացած ուսանողները թեև ցանկանում են, սակայն վախենալով հեռացվելուց՝ չեն մասնակցել:
Հիշեցնենք, որ այսօր, առավոտյան 11:30-ից սկսած՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից բազմաթիվ ուսանողներ երթով շրջել են տարբեր համալսարաններով, ապա հասել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։
Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Այդ մասին iLur.am-ին փոխանցեց կազմակերպիչներից մեկը:
Թեմայի շարունակությունը՝ այստեղ:
‘