Ուրացման «շկոլա»- ն. ՉԻ

704

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը (Нарек Манташян) դեռ 2019-ի ապրիլի 30-ին ֆեյսբուքյան հրապարակում էր արել, որն այն ժամանակ անուշադրության մատնվեց։ Իզուր։ Չափազանց կարևոր խոստովանական ցուցմունք է և սկսվում է «Համբերությանս բաժակը լցվեց…» արտահայտությամբ։ 

Տեսնենք՝ ինչից էր լցվել Նարեկ Մանթաշյանի համբերության բաժակը, և ինչու է սույն գրառումն այդքան կարևոր։

Գրառման հեղինակը զայրացել է նրանից, որ նախկին ընկերներն ուրանում են անցյալը։ Այսինքն՝ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդել էր, որ ժամանակին «ֆիկտիվ է անդամակցել» ՀՀԿ-ին։ Եվ Նարեկ Մանթաշյանը չի ծուլանում, մանրամասն ներկայացնում է նորաթուխ խորհրդարանականի անցյալը․ ինչպես է նա միջնորդ մեջ գցել, որ Էդ․ Շարմազանովը միջնորդի իրեն ՈՒԽ ընդգրկելու համար, ինչպես է հլու- հնազանդ մասնակցել կուսակցական հավաքներին։ Սակայն ամենաուշագրավը գրառման հետևյալ հատվածն է․

«․․․ասեմ ավելին ես եմ եղել կազմակերպիչը, 2008 թվականի մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք Քոռ Լևոն բացականչելով կանգնել էինք ԼՏՊ ի տան դռան մոտ նա նույնպես եղել է ինձ հետ: Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին հացն ու ջուրը ինքն է բերել»:

Ի խորոց սրտի հորդորում ենք Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին, Շուշան Պետրոսյանին և այլոց առնվազն 10 անգամ կարդալ այս տողերը և հասկանալ, թե ովքեր էին 2018-ին կազմակերպում դագաղներով, սև ժապավեններով քստմնելի ակցիաները, ինչ դպրոց էին անցել կուսակցականացված ուսանողական խորհուրդներում, և այլևս չբողոքել ո՛չ ուրացումից, ո՛չ անմարդկային, կեղտոտ արարքներից։

Իսկ հիմա ամենակարևորի մասին։

Ուրացման ուղին պարտադիր էր։ Ուրացման ճանապարհով էին և են Հայաստանում հայտնվում քաղաքական Օլիմպոսում։ Եվ սա՛ է այսօրվա ողբերգական իրականության հիմքերից մեկը, գուցե ամենակարևորը։ Սրա՛ պատճառով 2018-ին իշխանության եկան իզմ-եր, այսինքն՝ գաղափարներ չունեցող «երիտասարդները»։ Անշուշտ, այս ուղին կարող էին ընտրել ոչ միայն սկզբունք, այլև տարրական բարոյականություն չունեցողները։ 

Երկա՜ր, շա՜տ երկար ժամանակ մեր երկրում իշխանություն կամ իշխանությանը ձեռնտու ընդդիմություն դառնալու համար միակ գրավականը Լևոն Տեր-Պետրոսյանին ուրանալն էր։ Ընդ որում, սովորական, շարքային բացատրություններն առանձնապես բանի տեղ չէին դնում։ Ծանրակշիռ արարք կամ խոսք էր պետք։ 

2012-ին ՀԱԿ մանդատով խորհրդարան անցած Նիկոլ Փաշինյանը, որի փոխակերպական ունակություններին, կարծում ենք, ոչ ոք այլևս չի կասկածում, շատ լավ հասկացավ ամեն ինչ։ Պատգամավոր դառնալով՝ անջրպետվեց ՀԱԿ-ից, իսկ արդեն 2015 թ․ հունվարի 14-23-ին նրա «Հայկական ժամանակ»-ում տպագրվեց «Լևոն Տեր-Պետրոսյան․ մեծ խառնակչություն» ծավալուն հոդվածաշարը։ Ըստ օդում կախված լուրերի, իսկ ավելի ստույգ՝ ըստ լեզվաոճական և հոգեբանական վերլուծության, շարքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Բնավ չենք ուզում վերապատմել, անգամ մեջբերում անել այս մաղձոտ տեքստից, սակայն արձանագրենք․ հենց սա՛ դարձավ Ն․ Փաշինյանի հետագա վերելքի գրավականը։ Ուրացումը հասել էր կատարելության, ուրացողը գին էր վճարել և պետք է ստանար ակնկալածը։ Նույն 2015-ի դեկտեմբերին հենց ներկայիս վարչապետը, ընդդիմադիրի սքեմը հագած, սատարեց իշխանությունների ձեռնարկած սահմանադրափոխությանը։ 2017-ին կրկին պատգամավորի մանդատ ստացավ։ Իսկ 2018-ին արդեն գիտեք, թե ինչ եղավ։ 

Եզրափակենք․ թե՛ Ն․ Փաշինյանը, թե՛ նրա թիմում ընդգրկվածների մի մասը անցել են ամենաստոր ճանապարհով։ Նպատակը քաղաքական կարիերան էր։ Հասել են։ Եվ բնավ զարմանալի չէ, որ հիմա օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ նվաճումը պահելու համար։ Հիշեցնենք՝ նրանք իզմ-եր չունեն, նրանք բազմիցս դավաճանել են այն մարդկանց, որոնք ինչ-որ լավություն են արել իրենց։ Այս իմաստով՝ հրաշալի «շկոլա» են անցել։ Իսկ ուրացման ուսուցիչներին ասենք՝ ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։ Երկիրն էր ափսոս։

Զարուհի Գաբրիելյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածը«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բորուսիայի» ղեկավար. «Ռեալի» հետաքրքրությունը Հոլանդի նկատմամբ հաստատված է