‘Ուրիխանյան. Բռնաճնշումների մասին նախօրոք հայտարարել է Սերժ Սարգսյանը’

1759

Ակնհայտ է, որ իշխանությունները բոլոր ուղղություններով՝ վարչական, ուժային, եւ այլ լծակների գործադրմամբ քաղաքական ռեպրեսիաների են դիմում, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով նախօրեին երեկոյան ԲՀԿ անդամների եւ նրանց մերձավորների նկատմամբ սկսած հետապնդումները:

Հիշեցնենք, որ տեղեկատվություն կա ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանին, Ռուբեն Գեւորգյանին պատկանող տարածքներում խուզարկությունների, ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալության, ինչպես նաեւ՝ այլ տարածքներում շարքային ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների մասին:

«Ընդ որում՝ այս բռնաճնշումները գործադրվում են «քաղաքավարի եւ քաղաքակիրթ գործելաոճի դրոշակակիրների» կողմից, որոնք քաղաքական բովանդակային մրցակցությունից անցել են ատելության, պատերազմական գործողությունների դաշտ», — ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ ԲՀԿ խոսնակի, զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ սպասվող բռնաճնշումների մասին նախօրոք հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Հիմա որեւէ բան ամփոփելու կամ թվարկելու անհրաժեշտություն չկա: Պետք է փորձել օրվա վերջում ամփոփել, այս ընթացքում մենք ստանում ենք «սպասված անակնկալներ»», — ասաց նա:

Նա նշեց, որ այսօրվանից գործում է Իրավական աջակցության կենտրոնը, որը բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներից ահազանգներ կընդունի եւ դրանց մասին կտեղեկացնի հանրությանը:

 

Նախորդ հոդվածը‘Երկրպագուների պահվածքի համար «Բարսելոնան» կարող է պատժվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. «Ռեալը» այս անգամ չի կարողանա 9 գոլ խփել «Շալկեին»’