‘Ուրուգվայի նախագահն առաջարկել է բանտերից ազատել տարեց կալանավորներին’

944

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան առաջարկում է բանտերից ազատ արձակել ռազմական դիկտատուրայի տարեց հանցագործներին: Ըստ Մուխիկայի՝ նրանք կարող են շարունակել իրենց պատիժը կրել տնային կալանքի ձևով:

Ինչպես հաղորդել է տեղական մամուլը, իր նախագահական լիազորության ավարտից ընդամենը չորս ամիս առաջ Ուրուգվայի առաջնորդը մտադիր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն,  որը նախատեսում է տարեց կալանավորների ազատ արձակումը: «Ես չեմ ուզում, որ մեզ մոտ ծերունիներ լինեն բանտերում, որոնք արդե 75-80 տարեկան են»,- հայտարարել է Մուխիկան՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն նախկին զինվորականների, այլ նաև բոլոր տարեց կալանավորների մասին է: Ավելի վաղ Խոսե Մուխիկան հայտարարել էր, թե ինքը չի պայքարել «հանուն այն բանի, որ երկրում ծերունի-կալանավորներ լինեն»:

Ուրուգվայի գործող նախագահը նախկինում եղել է «Տուպամարոս» խմբավորման անդամ, որը 1960-70-ական թթ. ռեժիմի դեմ պայքարում զինված մեթոդներ էր օգտագործում՝ ահաբեկչություններ, բանկերի կողոպուտ, պատանդներ վերցնել: Զորքերի հետ ընդհարումներում Մուխիկան վեց անգամ վիրավորվել է հրազենից, գերի ընկել, ենթարկվել խոշտանգումների և ընդհանուր առմամբ՝ 14 տարի անցկացրել է կալանավայրերում: 1985 թ. մարտին քաղբանտարկյալների համաներումից հետո նա դուրս եկավ բանտից՝ այն համոզմամբ, որ իշխանությունը գրավելու համար բռնի մեթոդների կիրառումը սխալ էր: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Միլիոնավոր դիմակների երթը»՝ Գայ Ֆոքսի դիմակով’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ. Քոբանիում ԻՊ-ն քիմիական զենք է կիրառել’