‘
D խումբ, 14 հունիսի, ժամը՝ 23.00, քաղաք Ֆորտելեզա, «Կաստելան» մարզադաշտ
Մրցավարներ՝ Բրիխ, Լուպ, Բորշ (բոլորը Գերմանիայից):
Վնասվածքներ՝ Սուարես:
Որակազրկվածներ՝ չկան:
D խումբը Մունդիալի ամենաուժեղ և ինտրիգային խմբերից մեկն է, սակայն ոչ ամենահավասարակշռվածը: Չորս հավաքականներից մեկը հաստատ միավոր մատակարարող կդառնա: Կոստա Ռիկան Անգլիայի, Ուրուգվայի և Իտալիայի կողքին, անկասկած, աուտսայդեր է: Եվ այսоր այս երկրի հավաքականն ամեն ինչ պետք է անի, որպեսզի զարմացնի ուրուգվայցիներին, որոնք վերջին տարիներին երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ վերադարձրել են իրենց դիրքերը հարավամերիկյան և համաշխարհային ֆուտբոլում: Այս երկու հավաքականների մակարդակների տարբերության մասին վկայում է ոչ միայն կարգավիճակը և խաղացողների կազմը, այլև վերջին գրանցած արդյունքները: Եթե Ուրուգվայը 6 խաղից ոչ մեկում պարտություն չի կրել, ապա Կոստա Ռիկան 6 ընկերական խաղից հաղթել է ընդամենը մեկում: Միմյանց հետ հանդիպումներում նույնպես առավելությունը Ուրուգվայի կողմն է. 8 խաղում նրանք ոչ մի անգամ չեն զիջել հաղթանակը կոստառիկացիներին: Ուրուգվայի հավաքականը կարող է թուլացնել միայն Պրեմիեր լիգայի ռմբարկու Լուիս Սուարեսի բացակայությունը, որը Մունդիալի նախоրյակին ծնկի վիրահատություն է տարել: Ուրուգվայի գլխավոր մարզիչ Оսկար Տաբարեսը խոստովանել է, որ չի կարող Կոստա Ռիկայի դեմ խաղում ռիսկի դիմել և հավաքականի առաջատարին ընդգրկել այդ հանդիպման մեկնարկային կազմում: Ի դեպ, առանց «Լիվեպուլ»-ի ֆուտբոլիստի էլ Ուրուգվայը հարձակման գծում ունի բավականաչափ առաջնակարգ խաղացողներ: Ամենայն հավանականությամբ, Կավանիի զույգը կկազմի 2010 թվականի առաջնության աստղ Դիեգո Ֆորլանը: Կոստա Ռիկայի հավաքականի հայտնի և համաշխարհային ճանաչում ունեցող միակ աստղը Բրայան Ռուիսն է: Նա հարձակումը կսկսի դաշտի խորքից, իսկ հարձակմանը սրություն կհաղորդի վնասվածք ստացած ռմբարկու Ալվարո Սաբորիոյի փոխարեն դաշտ դուրս եկած Մարկոս Ուրենյան կամ Ժոել Քեպբելը: Նրանք կարող են խաղալ զույգով: Ամեն դեպքում նրանց այսоր առանձնացնելը շատ դժվար կլինի, քանի որ Ուրուգվայն ունի շատ ամուր պաշտպանություն: Ուրուգվայի հավաքականի եզրերը նույնպես ուժեղ են: Քրիստիան Ռոդրիգեսն ու Գաստոն Ռամիրեսը (կամ Քրիստիան Ստուանին) առանց պաշտպաններ Մաքս Պերեյրայի և Մարտին Կասերասի оգնության չեն մնա: Կոստա Ռիկան պետք է հույսը դնի դարպասապահի՝ Կեյլոր Նավասի վրա, ով այս խաղում, անկասկած, շատ գործ ունի անելու: Այս ֆուտբոլիստը հիանալի խաղաշրջան է անցկացրել «Լևանտե»-ում, և, եթե չի կորցնել իր մարզավիճակը, ապա նրան, իրոք, կարելի է վստահել: |
Կարծիքներ
Оսկար Տաբարես, Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Իմ թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել: Խոսքն այստեղ ոչ միայն անմիջական հանդիպումների, այլ նաև ընդհանուր արդյունավետության մասին է: Իմ սաների մեծ մասը ուժերի ծաղկման շրջանում է և արդեն նվաճել է տիտղոսներ: Անցած Մունդիալին նրանցից շատերը 22-23 տարեկան էին, իսկ հիմա արդեն հասուն մարդիկ են»:
Խորխե Լուիս Պինտո, Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք հարգում ենք Անգլիային, Իտալիային և Ուրուգվային, բայց նրանք պետք է իմանան, որ մենք նույնպես կարող ենք ֆուտբոլ խաղալ: Մենք կխաղանք առանց վախի: Մեզ սպասում են հանդիպումներ աշխարհի երեք չեմպիոնների հետ, և մենք կարող ենք դիմակայել նրանցից յորաքանչյուրին»:
Ֆերնանդո Մուսլերա, Ուրուգվայի հավաքականի դարպասապահ. «Առաջին խաղը կենսական նշանակություն ունի, թեև ճիշտ են ասում, որ նա վճռորոշ չէ: Կոստա Ռիկան բոլորովին է աուտսայդեր չէ. Այստեղ կան խաղացողներ Եվրոպայից, կատարվել է լավ ընտրություն և թիմն ամուր ընկույզ է»:
Բրայան Ռուիս, Կոստա Ռիկայի հարձակվող. «Մենք հայտնվել ենք բարդ խմբում, բայց ուզում ենք բոլորին զարմացնել: Մենք մեր երկրի համար ուզում ենք պատմություն կերտել:1990 թվականին մենք դուրս եկանք երկրորդ փուլ, և հիմա մտադիր ենք կրկնել այդ հաջողությունը: Դա մեր երազանքն է».
Հանդիպումներ միմյանց հետ
Ընդամենը 8 հանդիպում՝ +6=2-0 15:8
Հանդիպումներ Մունդիալի շրջանակում՝ +0=1-0 0:0
Միմյանց միջև վերջին հանդիպումը (18.11.2009)՝ Ուրուգվայ- Կոստա-Ռիկա 1:1
Հետաքրքրական փաստեր
Ուրուգվայը հաղթել է Բրազիլայում տեղի ունեցած վերջին աշխարհի առաջնությունում: Դա հեռավոր 1950 թվականին էր:
Լուիս Սուարեսը, ով, հավանաբար, բաց կթողնի հանդիպումը, 11 գոլով նախընտրական փուլի լավագույն ռմբարկուն է:
Անցած աշխարհի առաջնությունում Սուարեսը ամենաշատն է հարվածել դարպասաձողին՝ 15 հարված:
Оսկար Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը գլխավորում է 2006 թվականի փետրվարից; Դա մասնակից երկրների հավաքականների մարզիչների մեջ ամենաերկար տարիների ցուցանիշն է:
Կոստա Ռիկան տանուլ տվել աշխարհի առաջնությունների իր վերջին 4 խաղերը՝ բաց թողնելով 14 գնդակ:
‘