‘
Համացանցում հայտնվել է Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ջավախքում տեղի հայերի, մասնավորապես՝ Վահագն Չախալյանի հետ վիճաբանության տեսաձայնագրությունը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ ներկա է գտնվել Ախալքալաքում ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած բողոքի ակցիային, որտեղ նրանք 15-20 րոպե զրուցել են: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է Վահագն Չախալյանը՝ ներկայացնելով մանրամասները. «Ես ասացի՝ պատասխան եք տալու, ինքն ափերից դուրս եկավ»:
Նրանք խոսել են ռուսերեն լեզվով, հետո Սահակաշվիլին պահանջել է վրացերեն խոսել՝ հարցնելով, թե չգիտե՞ն վրացերեն, ինչին Չախալյանը պատասխանել է. «Գիտե՛նք, ձեր շնորհիվ չորս տարի բանտում սովորել ենք»:
Պատմելով հանդիպման մանրամասները՝ Վահագն Չախալյանն ասաց. «Ժողովուրդը վանկարկում էր՝ «Մի ՛շա, գնա ՛ Թուրքիա, Մի՛շա, հեռացի՛ր»: Նա մոտեցավ, սկզբից կուլտուրական ձեռքով բարևեց, հետո՝ հարցրեց, թե՝ ինչ է եղել, ինչու՞ ենք մենք բողոքում: Ես սիրուն բացատրեցի նրան, ասացի, որ իրենք իմ երկու տարեկան երեխային չորս ու կես տարի առանց հոր թողեցին միայն մի բանի համար, որ ես իր վարած քաղաքականությանը դեմ էի: Ես ասացի, որ ամաչում եմ իր փոխարեն, քանի որ էսօր քանի տարուց ավելի է՝ հայկական եկեղեցիներից շատերն ավերված վիճակում են: Ասացի նաև գրականության մասին, որը հանել են դպրոցներից: Ինքն ափերից դուրս եկավ, երբ ասացի՝ Դուք պատասխա՛ն եք տալու: Մի պահ սկսեց, թե՝ ես ասֆալտ եմ արել Ջավախքում, լույս եմ քաշել, ես ասացի, որ խաբում է, լույսը մինչ այդ էր քաշված, ասֆալտն էլ, որն անցկացված էր հայկական գերեզմանների վրայով, ինձ պետք չէր: Ասաց՝ արի ցույց տուր՝ որ գերեզմանի վրայով է անցկացված, ես ասացի՝ եկեք ցույց տամ»:
Վերջինիս խոսքով՝ հայերից Սահակաշվիլիին ընդամենը երկու հոգի են ողջունել:
«Մինչև այսօր էլ վախի մթնոլորտ կա Ջավախքում, և ջավախահայերը զարմացել էին, որ մի քաղաքացի նախագահին կարող էր ասել՝ պատասխան ես տալու»,-հավելեց Չախալյանը.
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
‘