‘Չախ-Չախ թագավոր’

4933

Վերջերս այնպես ստացվեց, որ գործի բերումով երթևեկեցի Հայաստանի մարզերում ու մեկ անգամ ևս ծանոթացա իրավիճակին:

Սոցիալական վիճակին չեմ ուզում անդրադառնալ, քանզի բոլորին է հայտնի այդ վիճակը, ոչ էլ` արտագաղթին ու հուսալքությանը: Պարզապես  ինձ զարմացրեց այն փաստը, որ ամեն բնակավայրում կա մի հանգստյան տուն կամ հյուրանոցային համալիր, կամ` հիդրոէլեկտրակայան, կամ` գործող հանք, կամ` գազալցակայան, կամ էլ` մեկ այլ եկամտաբեր բիզնես, որը համատարած չքավորության մեջ աչք էր ծակում:

Երբևէ չեմ հարցրել, թե այդ «օբյեկտներն» ում են պատկանում, սակայն այս անգամ հետաքրքրասիրությունս հաղթեց, ու տեղի բնակիչներից ճշտեցի այդ «ծաղկուն» բիզնեսների պատկանելությունը:

Ի զարմանս ինձ, առաջին օբյեկտի պատկանելությունը ճշտելուց հետո, երկրորդի մասին ցանկություն առաջացավ իմանալ, որն ավելի հետաքրքիր դարձրեց հարցումս, հետո` երրորդ, չորրորդ ու այդպես` ավելի ու ավելի հետաքրքիր, մինչև եկա նախնական վիճակին, որ արդեն ճշտելու բան էլ չկար:

Այս «սոցիոլոգիական հարցումների» ժամանակ հիշեցի Հովհաննես Թումանյանի «Չախ-Չախ թագավորի հեքիաթը»:

Հեքիաթի սյուժեն ամբողջությամբ չվերապատմելու համար ընդամենը հիշեցնեմ, որ Չախ-Չախ թագավորը մինչև «թագավոր» դառնալը մի աղքատ տղա է լինում, որը մի անգամ աղվեսին լավություն է անում, ու աղվեսն էլ լավության տակից դուրս գալու համար` խաբեությամբ հարևան թագավորության թագավորին համոզում է իր աղջկան կնության տալ Չախ-Չախ թագավորին, որն, իբր, ավելի հարուստ է եւ հզոր բանակ ունի:

Այս թագավորին համոզելուց հետո, աղվեսը գնում է կողքի թագավորություն ու այդ մյուս թագավորին հայտնում, որ Չախ-Չախ թագավորը կնության է առել կողքի թագավորի աղջկան և հիմա զորքը հավաքած գալիս է սպանելու կողքի երկրի թագավորին ու գրավելու կողքի թագավորությունը: Կողքի թագավորությունում էլ վախի, սարսափի ու գաղջ մթնոլորտ ստեղծելուց հետո՝ աղվեսն այնպես է անում, որ կողքի թագավորը փախչում է իր թագավորությունից և դա էլ է թողնում Չախ-Չախ թագավորին:

Այդ ամբողջ ընթացքում ճանապարհին աղվեսն ում տեսնում` ասում է` ով հարցնի, կասեք` Չախ-Չախ թագավորի ծառաներն եք, որ հանկարծ ձեզ էլ չսպանի:

Ու այդպես էլ, Չախ-Չախ թագավորը` չունենալով ոչինչ, կարելի է ասել` լինելով ջրաղացպան կամ ՊԱԶ-ի վարորդ՝ «երջանիկ» պատահականության շնորհիվ դառնում է «թագավոր»:

Թումանյանի հեքիաթը երջանիկ ավարտ ունի. Չախ-Չախ թագավորը, արքայադուստրն ու աղվեսը, բոլորին խաբելուց և «քցելուց» հետո, իրենց հետագա կյանքն ապրում են չաղ ու բախտավոր, բայց հեքիաթում չի նշվում այն թագավորության ճակատագրի մասին, ոչ էլ թագավորությունում ապրող բնակչության  ճակատագրի մասին, որին շանտաժի, բլեֆի ու խաբեության միջոցով տիրանում ու փայ են մտնում աղվեսն ու իր հանցակիցը:

Հիմա չգիտեմ` ճիշտ էին ասում տեղի բնակիչները, թե չէ, բայց ում հարցնում էի` սա ում «օբյեկտն» է, պատասխանում էին՝ Սաշիկի:

Էդպես էլ չիմացա, թե ով է էդ Սաշիկը, բայց չեմ կարծում, որ այդ ամենն իրեն պատկանի. պարզապես անախորժություններից խուսափելու համար` բոլորը հենց նրա անունն էին տալիս: Դուք էլ կարող եք Հայաստանով մեկ փորձել իմ «սոցիոլոգիական հարցումը» ու կհամոզվեք, որ որևէ տառ չեմ չափազանցում: Իհարկե՝  լինում էին դեպքեր, երբ տալիս էին տվյալ տարածաշրջանի մարզպետի կամ քաղաքապետի անունը, բայց երկրորդ հարցումից հետո պարզվում էր, որ Սաշիկը նրանց հետ էլ է «փայ»: Միայն Արարատյան դաշտավայրի բնակավայրերում` ինչ-որ մկան վրա էին գցում գործարաններն ու ավազի հանքերը, բայց այդպես էլ չհասկացա, թե մուկը ինչպե՞ս կարող է այդքան սեփականություն ունենալ. Չէ՞ որ մկանը մի քիչ ցորենով լցված նկուղն էլ է հերիք:

Հիմա մարզերից եկել եմ ու չեմ կարողանում պարզել, թե ով է էդ Սաշիկ անունով Չախ-Չախ թագավորն, ու ով է մուկը, որոնք կարողացել են մի ամբողջ ազգի «համոզել», որ ազգի ունեցած-չունեցածն իրենցն է:

Ժողովուրդ ջան, որ հանկարծ իմանաք` ովքեր են դրանք, մի հատ ինձ էլ ասեք` իմանամ, թե չէ ոնց գցում-բռնում եմ, մի բան ստեղ էն չի, ոչ էլ Թումանյանն է հարցի պատասխանը տալիս:

Համ էլ էն օրը մեկից լսեցի, որ Թումանյանը շաուրմայանոց է, ու դրանից հետո որոշեցի դադարեցնել իմ սոցիոլոգիական հարցումները, որպեսզի այլ սարսափելի պատասխանների չհանդիպեմ:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Մահացել է ՀՊՏՀ-ի դեկանը’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի դերն ու հեռանկարը ‘