‘Չավեսի մարմինը դամբարանում չի տեղադրվի’

772

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի հրաժարվել հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինը զմռսելու և դամբարանում տեղադրելու ծրագրից, հաղորդում է  Reuters գործակալությանը:

«Ռուսաստանից և Գերմանիայից հրավիրված մասնագետները հայտնել են, որ զմռսումը խիստ դժվար կլինի, քանի որ այդ գործընթացը հարկավոր էր ավելի շուտ սկսել»,- հեռուստաեթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն:

Դրա հետ մեկտեղ Մադուրոն առայժմ չի ասել, որ Չավեսի մարմնի զմռսումից հրաժարվելու վերջնական որոշում է ընդունված: Մինչդեռ Վենեսուելայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը, Reuters-ին հայտնել են, որ Չավեսի մարմինը պահպանելու փորձը չի հաջողվել, և նախագահի աճյունը դամբարանում զետեղելու պլաններից հրաժարվելու մասին իշխանությունները պաշտոնապես կհայտարարեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Մարտի 6-ից Չավեսի աճյունն ամփոփող դագաղը տեղադրված է Կարակասի Ռազմական ակադեմիայում: Այդ օրվանից հանգուցյալ նախագահին հրաժեշտ են տվել հարյուր հազարավոր մարդիկ: Սգո պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել մարտի 8-ին, մասնակցել են մի քանի տասնյակ օտարերկրյա պատվիրակություններ:

Նախորդ հոդվածը‘«Արսենալին» հերոսանալու համար կես քայլ չհերիքեց’
Հաջորդ հոդվածը‘Նախարարությունը հրապարակել է Գառնու կամրջի վերանորորոգման մանրամասները’