‘
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Չավին հարցազրույց է տվել «Four Four Two»-ին։ Ներկայացնում ենք հարցազրույցը մասնակի կրճատումներով:
Անգլիական ֆուտբոլ
Ֆուտբոլը Չավիի կյանքի անբաժանելի մասն է, ու նա ոչ միայն հիանալի խաղում, այլև պատմում է դրա մասին: Աստղային մարզիկների համար մի քանի բառ ասելը դժվար խնդիր է, բայց Չավին սիրով է բարձրաձայնում մտքերը:
Ակնհայտ է, որ խաղը Չավիի համար ֆուտբոլը նախկինի պես հետաքրքիր է: Դա զարմանալի չէ. սպորտը միշտ կարևոր է եղել նրա ընտանիքի համար, իսկ ծնողները սեղանի ֆուտբոլ խաղալիս են ծանոթացել:
«Մեր ընտանիքում բոլորը մոտ են եղել ֆուտբոլին: Եղբորս հետ կպչուն նկարներ էինք հավաքում, հատկապես երբ մեկնարկում էր Աշխարհի առաջնությունը։ Առաջին բանը, որ հիշում եմ՝ 5 տարեկանում «Կամպ Նոու» գնալս է: Երեկոյան խաղ էր ու շուրջբոլորը կրակներ էին: Ներսումս ինչ-որ բան շարժվեց, դա անհավատալի էր»,-հիշում է Չավին:
Չավին ավագ եղբայրների՝ Օսկարի ու Ալեքսի, քրոջ՝ Արիադնոյի հետ տեղափոխվեց Բարսելոնայի կենտրոնից 45 րոպե հեռավորության վրա գտնվող թաղամաս։ Երեխաներն ամեն օր միասին ֆուտբոլ էին խաղում: Մի օր ընտանիքի հայրը՝ Խոակիմը, որոշեց դիտել երեխաների խաղը:
-Ինչո՞ւ չես հարձակվում: Այդպես դու գնդակ չես խփի,-հայրն ասաց որդուն:
-Հայրիկ, եթե առաջ գնամ, պաշտպանությունում ո՞վ կօգնի դարպասապահին:
Տեսնում եք, դեռ փոքր տարիքից մտածել է տակտիկայի մասին: Հայրն էլ, որդին էլ ֆուտբոլի մեջ էին և Խոակիմը («Տերրասի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն ու հետո նաև մարզիչը) անընդհատ ստիպված էր լինում հետևել Չավիի փորձագիտական կարծիքին:
«Սիրում էինք նստել ու քննարկել հնարավոր փոփոխությունները: Մենք հետևում էինք կազմերին ու մեկնաբանում էինք, թե ով էր արժանի խաղալ, իսկ ով՝ ոչ: Դա էր մեր կյանքը»:
Տանը նրանք հատուկ «ֆուտբոլային բազմոց» ունեին, որի վրա նստած «հազարավոր խաղեր» էին դիտում: Հենց այդտեղ Չավին առաջին անգամ սիրահարվեց անգլիական ֆուտբոլին: Նրա սերը գլխավորապես մեկ անձով էր պայմանավորված:
«Կատալոնիայում երկուշաբթի օրերին կես ժամ տևող հաղորդում կար, որ ցուցադրում էր ԱՊԼ-ի լավագույն գոլերը։ Ամեն շաբաթ առաջատարը Մեթ Լե Տիսյեն էր: Անընդհատ անհավատալի, աներևակայելի գոլեր: Մենք երկրպագում էինք ու անընդհատ քննարկում, թե ինչպես է այդ տաղանդավոր ֆոտբոլիստը խաղում էր համեստ «Սաութհեմփթոնում» ու ոչ մի տեղ չէր տեղափոխվում»:
Չավին հիանում էր նաև այլ ֆուտբոլիստներով։
«Ինձ դուր էր գալիս Ջոն Բարնսի խաղը «Լիվերպուլում»։ Նա ուժեղ էր: Չէր կարող դուր չգալ Բեքհեմի, Նևիլ եղբայրների, Ռայան Գիգզի ու Նիկ Բատի «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիմա եվրոպական ֆուտբոլի դեմքը «Բարսելոնան» է, նախկինում՝ Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեն» էր:
Մինչ այդ Բրայան Ռոբսոնն էր՝ հանճարեղ մարտիկն ու լեգենդար Էրիկ Կանտոնան: Անգլիական ֆուտբոլը միշտ էլ արդիական է եղել Իսպանիայում: Անգլիացիներն այնպես են ֆուտբոլով ապրում, որ իսպանացիները չեն էլ երազում: Անգլիայում ֆուտբոլն աստվածային երևույթ է: Այնտեղ պատվով են հանդես գալիս նույնիսկ պարտությունից հետո»:
Սկիզբ
Ծնողներն անհանգստանում էին, թե Չավիի կազմվածքը կխանգարի նրան հայտնվել «Բարսելոնայի» ակադեմիայում: Առաջին փորձը 1991-ի հուլիսին էր, երբ Չավին 11 տարեկան էր:
«Հայրս ասաց, որ քչերին է նման բախտ վիճակվում, այնպես որ՝ պետք է ցույց տայի, թե ինչի եմ ընդունակ: Եթե ստացվի, կարող են վերցնել ինձ։ Թեստային խաղում մենք տուգանային հարված վաստակեցինք, բայց որևէ մեկ պատասխանատվությունն իր վրա չվերցրեց: Ես հարվածեցի, իսկ խաղի ավարտին հեթ-տրիկի հեղինակ դարձա: Երջանկությունից կորցրել էի ինձ: Հետո հայրս ճշմարտությունն ասաց. գործարքն արդեն կայացել էր, ու ինձ ընդունել էին, բայց նա ոչինչ չէր ասել»,-ժպիտով հիշում է Չավին։
Ամեն երեկո Չավին տուն էր վերադառնում ընթրելու, քանի որ մայրն արգելել էր մնալ Լա Մասիայում: Նա հրաժարվում էր «Բարսելոնայի» մարզահագուստը կրել, որպեսզի հասակակիցների ուշադրությունն իր վրա չբևեռի: Երբ ընկերները երեկոյան զբոսանք էին կազմակերպում, նա հոր հետ ֆուտբոլ էր դիտում։
1997-ին Չավին «Բարսելոնա Բ»-ի հիմնական խաղացող էր, իսկ մեկ տարի անց սկսեց հանդես գալ Լուի վան Գալի գլխավորած առաջին թիմում:
Չնայած ծանր մեկնարկին ու դեկտեմբերին 4 անընդմեջ պարտությանը` «Բարսելոնան» հաղթեց Լա Լիգայում, իսկ Չավին մրցաշրջանի հայտնությունը դարձավ: Հենց այդ ժամանակ «Միլանի» նախագահ Ադրիանո Գալիանին ուշադրություն դարձրեց 19-ամյա կիսապաշտպանին:
«Պեպը 27 կամ 28 տարեկան էր ու լավագույն տարիներն էր անցկացնում: Հայրս ասաց, որ ավելի լավ է գնամ, քանի որ թիմն արդեն ձևավորված է: Թվում էր, թե ինձ համար տեղ չէր գտնվի, իսկ «Միլանը» մեկնարկային կազմ էր խոստանում, որտեղ պետք է կենտրոնը կիսեի Դեմետրիո Ալբերտինիի հետ»,-խոստովանում է Չավին:
Դժվար է պատկերացնել, որ ակումբի լեգենդը կարող էր Իտալիա տեղափոխվել: Դա կարող էր տեղի ունենալ, քանի որ գրեթե ամբողջ ընտանիքն այդ ուղղությամբ էր մտածում:
«Եղբայրներս էլ էին ասում, որ պետք է տեղափոխվեմ, ու միայն մայրս էր կարծում, որ արժե մնալ: Արդյունքում դժվար որոշում կայացնելու ուժ գտա։ Սիրում են ասել, թե մորս վաստակը մեծ է այդ հարցում, բայց իրականում որոշումն ինքս էի ընդունել»:
Մենք գիտենք, որ Չավին ճիշտ որոշում էր կայացրել, բայց սկզբում նրա գործերն այնքան էլ հարթ չէին. Լուի վան Գալը նրան չէր վստահում, ու միայն Գվարդիոլայի հեռանալուց հետո Չավին կարողացավ հիմնական կազմ թափանցել:
««Բարսելոնան» այդ ժամանակ տիտղոսի մասին չէր էլ մտածում: Մամուլը քավության նոխազ էր փնտրում, ու ես հարմար տարբերակ էի: Ես դանդաղաշարժ էի, «հետամնաց ֆուտբոլիստ»: «Բարսան» չէր կարող հաղթել, քանի դեռ կենտրոնում ես էի, ոչ թե բարձրահասակ ու ամրակազմ այլ ֆուտբոլիստ:
Մենք փիլիսոփայություն ունեինք, բայց բոլորը փոփոխություն էին ցանկանում, քանի որ ակումբն արդեն 3-4 տարի ոչինչ չէր նվաճում: Ես հասկանում եմ քննադատությունը, բայց մարդիկ չափազանց կոպիտ էին: Քննադատությունն ուժգին հարվածեց ինձ: Քննադատությանը վերջ դնելու համար երկու տարբերակ կա․ կա՛մ պայքարում ես, կա՛մ տրվում դեպրեսիային: Ես համառ եմ ու քննատադություններն ինձ ստիպեցին ավելի ջանասիրաբար աշխատել: Դանդաղ, բայց վստահ դարձա այն մարդը, ում ճանաչում է աշխարհը: Ես հպարտ եմ դրանով»,-պատմում է Չավին։
Ինչ-որ պահի «Բարսելոնան» իսկապես ցանկանում էր վաճառել նրան, բայց Չավին չհանձնվեց՝ չնայած ակումբի դիրքորոշմանը, իսպանացի երկրպագուների և լրատվամիջոցների քննադատությանը։
«Հնարավոր չէ համեմատել անգլիացի ու իսպանացի երկրպագուներին: Այնտեղ ֆուտբոլիստին հարգում են անկախ խաղի արդյունքից: Հիշում եմ 2001 թվականի արտագնա հանդիպումը «Էնֆիլդում»: Մենք հիանալի խաղացինք, բայց նրանց երկրպագուները մինչև վերջին րոպեն չէին վհատվում, ծափահարում էին իրենց սիրելիներին։ Մենք հիասքանչ էինք, բայց անգամ 90-րդ րոպեին «Լիվերպուլը» շարունակում էր աջակցություն ստանալ: Դժվարությամբ էի հավատում աչքերիս տեսածին: Խոսքեր պարզապես չկան»:
Նախավերջին մրցաշրջանի ավարտին խոսել եմ Խուան Մատայի ու Դավիդ դե Խեայի հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» խաղային տարին 7-րդ հորիզոնականում ավարտեց, բայց եզրափակիչ խաղում «Օլդ Թրաֆֆորդի» երկրպագուները ողջունում էին ֆուտբոլիստներին: Իսպանիայում այդպես չէ․ մեզ մոտ պետք է հանդերձարան շտապել, հակառակ դեպքում կարող է սպանություն կատարվել:
Անգլիայում ֆուտբոլն ընտանեկան իրադարձություն է․ որդին, հայրը, պապիկը, զարմիկները, բոլորը միասին են գնում: Դրան հավասար ոչինչ չկա, բոլորն իրենց դրա մի մասն են զգում»,-ասում է Չավին։
Իսպանիայում Չավին երջանիկ չէր, քանի դեռ թիմում չէր Ֆրանկ Ռայկարդը, իսկ նախագահը Խուան Լապորտան չէր:
«Ասես վերադարձան Կրույֆի ժամանակները. 4-3-3՝ շեշտադրված գնդակ պահելու համար: Չորս տարվա ընթացքում մենք երիտասարդ շատ ֆուտբոլիստների գնեցինք, բայց հետո եկան Դեկուն, Ռոնալդինյոն և Սամուել ԷտՕ՛օ-ն, ովքեր արդեն անուն էին վաստակել: Վերջապես երազանքն իրականացավ»,-հիշում է Չավին։
Ասում են՝ կուռքերին հանդիպելը շատ վտանգավոր է, բայց Պեպ Գվարդիոլան ոչ միայն լավ ֆուտբոլիստ էր, այլ նաև հաջողակ մարզիչ:
«Պեպը քամում է ֆուտբոլիստներին: Դա շատ օգտակար է: Նա վարպետ է յուրաքանչյուր մարզման ժամանակ, նախապատրաստական աշխատանքներում, հանդիպման կամ թիմային զրույցի ընթացքում: Նա պրոֆեսիոնալ է ու լեգենդ»,-համոզված է Չավին։
Ամեն ինչ հուլիսին սկսվեց, երբ նախկին խաղընկերները զրուցում էին ակումբի մարզաբազայում: Երբ Չավին հարցրեց, թե հաջորդ մրցաշրջանում օգտակար կլինի՞ թիմին, Գվարդիոլան պատասխանեց, որ առանց նրա թիմը չի պատկերացնում:
«Այլևս ոչինչ ինձ չէր հետաքրքում»,-հիշում է Չավին:
2008-09թթ․ մրցաշրջանն իսկապես հաջողված էր «Բարսելոնայի» համար, իսկ Չավին 9 գնդակով և 27 արդյունավետ փոխանցմամբ աչքի ընկավ: Թիմը հաղթեց Իսպանիայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
«Ոչինչ չի համեմատվի այդ մրցաշրջանի հետ, ու դժվար թե որևէ մեկն այդ արդյունքին կարողանա հասնել: Չեմ տեսել որևէ թիմ, որ կարողանա այդքան լավ խաղալ: Դրանից չորս տարի առաջ նման բան երևակայել էլ հնարավոր չէր․ ես «Բարսելոնայի» բոլոր անհաջողությունների պատճառն էի, իսկ հիմա՝ հաջողության բանալին: Փոխվե՞լ էի արդյոք: Ոչ: Միայն արդյունքն էր փոխվել»,-հպարտությունից փայլելով ասում է Չավին։
Աշխարհի նվաճումը
Զարմանալի չէ, որ Չավին այդպես է գովաբանում Գվարդիոլային: Վերջինս նրան մեծ հաջողության է առաջնորդել: Չավին միայն նրան չէ շնորհակալ: Լուիս Արագոնեսը ևս կարևոր մարդ էր Չավիի կյանքում:
«Միայն Պեպի ու Լուիսի հետ զրույցներից հետո էի այդքան էներգետիկ խաղում: Ինձ շատերն են ֆուտբոլ խաղալ սովորեցրել, բայց միայն այդ երկուսից որսացել յուրաքանչյուր բառը»:
Արագոնեսի ու Գվարդիոլայի պատմությունը նման է. երկուսն էլ տաղանդավոր թիմեր են ժառանգել, որոնք թիմային խաղ չեն ունեցել: Արագոնեսն Իսպանիայի հետ արեց այն, ինչ Պեպը «Բարսելոնայի»՝ չեմպիոն դարձրեց:
«Լուիսն ասես անգլիացի «պարոն» լիներ։ Նա սիրում էր ասել. «Դու լավագույնն ես աշխարհում», ու մատով սեղմում էր կուրծքդ: Նա ֆուտբոլիստների անունները մոռանալու «տաղանդ» ուներ: Հենց խաղից առաջ (Եվրո-2008-ի եզրափակիչ) նա միջանցքում կանգնեցրեց մեզ ու ասաց.
-Տղանե՛ր, նորություն կա: Ուոլլասը չի մարզվում:
-Ուոլլա՞ս: Ի՞նչ Ուոլլաս:
-Դե Ուոլլասը, 13 համարի կիսապաշտպանը։
-Բալա՞քը։
-Դե Ուոլլաս, Բալաք․ ի՞նչ տարբերություն:
Նման պահերին ծիծաղը զսպել հնարավոր չէ, ու մենք անսպասելիորեն դադարեցինք վախենալ մեր կյանքի կարևորագույն խաղից»,-պատմում է Չավին։
Դա ամբողջ աշխարհում իսպանական ֆուտբոլի հաղթարշավի սկիզբն էր միայն: Աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնության երկրորդ հաղթանակ. այդ ամենին թիմը հարկադիր թեթևությամբ է հասել, իսկ 2014 թվականին ինչ-որ բան այնպես չէր:
«Մենք բավականաչափ լավը չէինք: Հոլանդացիների հետ բարդ էր, հատկապես այն դեպքում, երբ ցանկանում էին վրեժ լուծել չորս տարի առաջվա պարտության համար: 5:1 հաշիվը չափից դուրս էր: Մենք կոտրված էինք»,-ասում է Չավին։
Մունդիալը ոչ միայն հավաքականների, այլև ակումբների տրամադրության վրա է անդրադառնում: Փոփոխություններ կատարվեցին, ու Չավին որոշեց հետևել Կառլես Պույոլի օրինակին ու ավարտել կարիերան, սակայն ամեն ինչ փոխվեց: Չավիի խոսքերով՝ 2014-ի հուլիսին նա գրեթե հեռացել էր, բայց հին ընկերը փոխեց ծրագրերը:
«Միշտ պարտական կլինեմ Լուիս Էնրիկեին, որովհետև նա ինձ համոզեց, որ մնամ: Նա խնդրեց ևս մեկ մրցաշրջան մնալ՝ խոստանալով, որ մենք ամեն ինչ կնվաճենք: Բախտն այդ ժամանակ ժպտաց ինձ»:
Երբ աշխատանքը երջանկացնում է
Մենք վերջին տասը տարիների լավագույն կիսապաշտպանի կարիերայի մասին ամեն ինչ գիտենք: Հետո՞․․․
«Ֆուտբոլն ինձ համար շարունակում է հոբբի լինել: Դրանում է գաղտնիքը: Եթե ամեն օր ստիպված չլինեի մարզվել, կխաղայի ընկերներիս հետ: Ես Քաթարում եմ խաղում: Սա պրոֆեսիոնալ լիգա է, որտեղ կես ուժերով խաղալ չի կարելի: Ֆիզիկապես այստեղ ամեն ինչ կարգին է, իսկ թիմերը հավասար են: Այո, տակտիկական առումով սա Եվրոպան չէ, բայց ես պարզապես սիրում եմ ֆուտբոլը, իսկ «Ալ-Սադը» խաղը գնդակին տիրելու հիման վրա է կառուցում: Այստեղ ֆուտբոլի համար եմ եկել ու հույս ունեմ՝ ինձանից հետո ինչ-որ բան թողնել Մունդիալ-2022-ի համար»,-ասում է Չավին։
Չավիի ընտանիքն ապրում է այն նույն տանը, որտեղ 2012-14թթ. Ռաուլն էր ապրում «Ալ-Սադում» խաղալու տարիներին: Տան հետևում «Aspire»-ն է, որտեղ սկսվել է նրա կյանքի նոր գլուխը․ նա այստեղ աշխատում է երիտասարդական թիմի հետ:
«Ցանկանում եմ մնալ ֆուտբոլում, մոտ լինել դաշտին: Չէի հարմարվի գրասենյակային մթնոլորտին: Ցանկանում եմ ինչ-որ բան անել ինչպես հարկն է կամ առհասարակ չանել: Առաջին նպատակս «Բարսելոնան» մարզելն է: Չեմ թաքցնում, որ երազում եմ տուն վերադառնալ»,-խոստովանում է Չավին։
Չավին արդեն իսկ աշխատում է մարզչական արտոնագիր ստանալու ուղղությամբ, իսկ ազատ ժամանակ հետազոտում է ֆուտբոլը:
«Անգամ հանգստի համար 10 րոպե ունենալու դեպքում միանգամից միացնում եմ հեռուստացույցն ու ֆուտբոլ դիտում:
Անգլիայում բոլորը հավասար գումար են ստանում, իսկ Իսպանիայում այդպես չէ: Տարբերություն կա «Ռեալի», «Բարսելոնայի» և մյուս ակումբների միջև: Որևէ մեկը հավասար չէ մեծ զույգի հետ: Անգլիայում այդպես չէ․ օրինակ՝ «Սթոք Սիթին» կարող է հպարտանալ Աֆելայի, Բոյան Կրկիչի, Մարկո Արնաուտովիչի ու Շերդան Շակիրիի պես ուժեղ ֆուտբոլիստներով: Նրանք առանց դժվարությամբ կարող են հաղթել «Չելսիին»: Նույնիսկ Չեմպիոնշիփը. «Միդլսբրոյի» շատ խաղերի եմ հետևել, քանի որ այնտեղ է հանդես գալիս «Էսպանյոլի» նախկին հարձակվող Կրիստիան Ստուանին, իսկ մարզիչը Այտոր Կարանկան է: Նրանք գեղեցիկ են խաղում: Հետևում եմ նաև «Բրենտֆորդի» խաղերին:
Ցածր լիգաների ֆուտբոլն ասես այլ աշխարհ լինի: Մի անգամ անգլիացի մի տղա ինձ մոտեցավ ու ինքնագիր խնդրեց: Հարցրեցի, թե ում է երկրպագում ու սպասում էի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» կամ «Տոտենհեմի» անունը լսել, բայց նա զարմացրեց ինձ․ «Ես «Շեֆիլդ Յունայթեդի» երկրպագու եմ»»,-պատմում է Չավին։
Անգլիական ֆուտբոլը հիանալի է, բայց չենք կարող չվերադառնալ «Բարսելոնային»:
««Բարսելոնան» առանձնահատուկ է: Նրանք մրցակցին հանգստանալու համար անգամ մեկ վայրկյան չեն տալիս, իսկ հարձակման գծի եռյակը… Նրանք որտեղից ասես կարող են գոլ խփել: Նման հզոր եռյակ ոչ մի թիմում չեմ տեսել: Երբեք: Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են։ Սերխիո Բուսկետսն էլ ղեկավարում է կիսապաշտպանությունը, բայց ոչ մի անգամ նրան չեն նոմինացրել «Ոսկե գնդակի» համար: Ինչպե՞ս է այդպես ստացվել: Զարմանալի է: Մարդիկ առհասարակ ֆուտբոլ դիտո՞ւմ են: Երբ են բոլորը հասկանալու, որ դրիբլինգը դեռ ամեն ինչ չէ»,-նշում է Չավին։
Կիրքը, որով Չավին խոսում է ֆուտբոլի մասին, վարակիչ է: Նրան ամեն ինչ անհանգստացնում է՝ անցյալը, ներկան ու ապագան:
«Առաջին հերթին դաշտի պարունակության խիստ կանոններ կմշակեի: Օրինակ՝ թենիսիստ Նովակ Ջոկովիչին հաղթելու ի՞նչ հնարավորություն ունեմ: Չունեմ, նա կհաղթի ինձ: Ի՞նչ անեմ: Կարող եմ կորտի նրա հատվածի ծածկույթը փչացնել: Տարօրինակ է հնչում, բայց ֆուտբոլում այդպես անում են: Շատերը փչացնում են դաշտն ուժեղ մրցակցի հետ խաղից առաջ: Հիմա 2016 թվականն է ու այդպես չի կարելի»,-բարկանում է Չավին
Մթնում է ու ֆուտբոլի ժամն է մոտենում: Չավին շարունակում է խոսել ու էլի վերադառնում է անգլիական թեմային:
«Չափանիշներն այսօր ավելի բարձր են: Նախկինում միայն տաղանդը բավարար էր: Արտասահմանցի մարզիչները շատ են օգնել. նրանք բարելավել են անգլիական ֆուտբոլի խիստ ու միագիծ ավանդույթները: Մաուրիսիո Պոչետինոն հիանալի աշխատեց «Տոտենհեմի» հետ, Պեպը կբարձրացնի «Մանչեսթեր Սիթիի» խաղամակարդակը, Յուրգեն Կլոպը ֆենոմեն է: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ աշխատել պատրաստվող Ժոզե Մոուրինյուն ևս»,-ասում է Չավին։
Վերջում Չավին ընդգծում է, որ նրա համար ինչն է ամենակարևորը ֆուտբոլում։
«Ֆիզիկական պատրաստվածությունը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում, բայց գլխավորը տաղանդն է: Ես ռոմանտիկ եմ ու հույս ունեմ, որ փոխանցման արվեստին նվիրած կարիերաս պատկերազարդել է դա:
Ի՞նչ է կարողանում Ռոնալդուն: Գոլ խփել: Նեյմա՞րը: Դրիբլինգ: Մեսսի՞ն: Նա պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Երբ այդպիսի մարդիկ անհետանում են, ֆուտբոլն ավարտվում է: Կարելի է իրերը հավաքել ու ծովափ գնալ, քանի որ խաղն իմաստազրկվում է»:
‘