‘Չափազանց սկզբունքային քաղաքական գործիչը` Պետրոս Մակեյան’

14140

«Hraparak.am» կայքի՝ օգոստոսի 3-ի թողարկմամբ հրապարակված հարցազրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, մասնավորապես, ասել է հետևյալը. «Ժողովրդին 20 տարուց ավել կոտրել են: 3 նախագահ է փոխվել 94-ից սկսած, խաղաղությունից հետո, հրադադար կնքելուց հետո. ամեն մեկը փորձել է մեջքը կոտրել…»:

Հարց է առաջանում. եթե Մակեյանն այսպիսի կարծիքի է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ապա ինչու 2008թ. նախագահական ընտրություններում իր կուսակցությամբ անհուն նվիրումով աջակցեց առաջին նախագահին, ընդգրկվեց «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքում, դրա համար նույնիսկ հալածվեց ու բանտ ընկավ: Ի՞նչ է, կարծիքը փոխե՞լ էր: Հնարավոր է: Բայց այդ դեպքում ինչու՞ 2012 թվականին նորից կարծիքը փոխեց և Տեր-Պետրոսյանի թունդ աջակցից վերածվեց նույնքան թունդ հակառակորդի: Մի նոր պայծառատեսությու՞ն էր իջել Մակեյանի վրա, թե՞ ամեն ինչ բացատրվում է մի ճղճիմ, ողորմելի հաշվարկով: Նրա մետամորֆոզը տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում նա չհայտնվեց Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի անցողիկ տեղում: Դրանից հետո Մակեյանը ժամանակ չկորցրեց, իր կուսակցության մի մասի հետ դուրս եկավ Կոնգրեսից և կայուն տեղ զբաղեցրեց Տեր-Պետրոսյանի հակառակորդների ճամբարում:

Ի դեպ, ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում չհայտնվելու միևնույն ճղճիմ պատճառով նույնպիսի «սկզբունքայնություն» դրսևորեցին և նույնպիսի մետամորֆոզ ապրեցին նաև Տեր-Պետրոսյանի երբեմնի երդվյալ աջակիցներ, իսկ ներկայումս` ավելի երդվյալ հակառակորդներ Սոս Գիմիշյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սասուն Միքայելյանը և այլք:

Դժվար չէ պատկերացնել, թե Մակեյանն ու մյուս հիշված անձինք եթե ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած լինեին, ինչպիսի կատաղի կոնգրեսականներ կլինեին այսօր: Եվ քանի որ այդ մարդկանց փոփոխականության դրդապատճառն այդքան ակնհայտ է, ապա անիմաստ է լուրջ վերաբերվել այժմ նրանց արտահայտած վերամբարձ ու դատարկ մտքերին:

 

Վարդան Համբարձումյան

Նախորդ հոդվածը‘Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը’
Հաջորդ հոդվածը‘Խնդրանքը մնում է ուժի մեջ’