‘
Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը վերարտադրվելու և ցմահ իշխանության մնալու նպատակ է հետապնդում, մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։ Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր տեղի է ունեցել նաև նախաձեռնության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Մասնավորապես Արմեն Գրիգորյանը կոչ է արել, բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի իշխանությանը՝ միանալ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին: Իսկ Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը՝ չկարողանալով լուծել իր իրավահաջորդի խնդիրը, որոշել է հարցին սահմանադրական լուծում տալ:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2014-ին՝ համախմբելով քաղաքացիների, ովքեր պայքարում են ներկայիս իշխանության վերարտադրման դեմ: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել սահմանադրական փոփոխության գործընթացի և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման կասեցմանը՝ առաջնորդվելով ակտիվ դիմադրության, կամավորության և ոչ բռնի պայքարի սկզբունքներով։
Նախաձեռնությունը նաև մանիֆեստ է հրապարակել, որը տեղադրված է ֆեյսբուքի խմբում:
‘