‘«Չելսի» — «ՔՊՌ» հանդիպումը կարող է սկանդալով սկսվել’

1238

Սեպտեմբերի 15-ին Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Չելսի»  — «Քունզ Պարկ Ռեյնջերս» հանդիպումը կարող է խոշոր սկանդալով սկսվել, ինչից խուսափելու համար այս երկու ակումբների ղեկավարները ներկայումս բանակցություններ են վարում:

«Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդն արդեն տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին, որ խաղից առաջ չի սեղմելու «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիի ձեռքը: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում հանդիպման ժամանակ Թերին ռասիստական բնույթի արտահայտություններ էր արել Ֆերդինանդի հասցեին:

Անտոն Ֆերդինանդը զգուշացրել է, որ չի սեղմելու նաեւ «Չելսիի» մյուս պաշտպան Էշլի Քոուլի ձեռքը, քանի որ դատարանում վերջինիս վկայությունների շնորհիվ Թերին արդարացվեց:

Նշվում է, որ սկանդալից խուսափելու համար հնարավոր է, որ երկու թիմերն էլ պաշտոնապես դիմեն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային, որպեսզի խաղից առաջ ձեռքսեղմում ընդհանրապես տեղի չունենա:

Ավելացնենք, որ Անտոն  Ֆերդինանդի եղբայրը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը, նույնպես զգուշացրել է, որ «Չելսիի»  հետ խաղում չի սեղմելու Ջոն Թերիի ձեռքը:

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի փոխնախագահ. Շախմատային օլիմպիադան առանց Հայաստանի նոնսենս է’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Ի՞նչ եք ուզում ինձանից’