‘
Օգոստոսի 7-ին Չեխիայի խորհրդարանը անվստահության քվե է տվել վարչապետ Իրժի Ռուսնոկի կառավարությանը, հաղորդել է Associated Press-ը: Կառավարությանն անվստահություն է հայտնել ներկա գտնվող 200 պատգամավորներից 100-ը, մինչդեռ նոր կառավարության օգտին քվեարկել է ընդամենը 93 հոգի: Չեխական օրենսդրության համաձայն՝ կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ է քվեարկությանը ներկա գտնվող խորհրդարանականների կեսից ավելիի քվեն:
Չեխիայի վարչապետ Իրժի Ռուսնոկը քվեարկության արդյունքները համարել է «ազնիվ պարտություն» և հայտարարել, որ ինքը և իր կաբինետը հրաժարական կտան օգոստոսի 8-ին կամ 9-ին: Չեխիայի օրենքների համաձայն՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը Ռուսնոկը կմնա վարչապետի պաշտոնակատար: Նրա կաբինետի մյուս բոլոր անդամները նույնպես կշարունակեն պաշտոնավարել:
Նոր կառավարությունը ձևավորվել էր այն բանից հետո, երբ Չեխիայի նախկին վարչապետ Պետեր Նեչեսը հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի հետ կապված: Ընդ որում՝ այդ սկանդալում նշվում էին վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Նեչեսի գլխավորած Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության անդամների անունները, փոխանցում է lenta.ru-ն:
‘