Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն առողջական նկատառումներով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները։
Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է Չեխիայի սենատի խոսնակ Միլոշ Վիստրչիլը, որը պաշտոնական նամակ է ստացել Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալից։
Հասպիտալի տնօրենը նաև հայտնել է, որ «ախտորոշումը ծայրահեղ անբարենպաստ է», և որ Զեմանի վերադարձն աշխատանքի «քիչ հավանական է»։
77-ամյա նախագահին շտապ կերպով հիվանդանոց էին տեղափոխել հոկտեմբերի 10-ին։ Նա բժիշկներին թույլ չի տվել հայտնել իր ախտորոշումը։ Զեմանի օգնականները սկզբում պնդում էին, որ հոսպիտալացումը նախագահին չի խանգարի կատարելու իր պարտականությունները։ Նրանք նաև հրաժարվել են մեկնաբանել ԶԼՄ-ներ թափանցած այն լուրերը, թե նախագահը տառապում է լյարդի ցիռոզի հետևանք հանդիսացող լուրջ բարդացումներից։
Այժմ չեխ օրենսդիրները պետք է որոշեն՝ ազատե՞ն Զեմանին աշխատանքից՝ երկրի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն։ Սակայն այդ քայլը պետք է խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանանա, իսկ վերջերս տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարանի առաջին նիստը կայանալու է նոյեմբերի 8-ից ոչ շուտ։
Այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատները նախագահին «լուրջ պատճառներով» անգործունակ ճանաչեն, նա ձևականորեն կմնա իր պաշտոնին, սակայն նրա պարտականությունները կկատարեն այլ պաշտոնատար անձինք։ Այդ միջոցառումը կարող է նաև ժամանակավոր լինել, օրինակ՝ մինչև այն պահը, եթե նախագահն առողջանա և կարողանա վերադառնալ աշխատանքի։
Փոխանցում է BBC-ն։
