‘
Չեխիայում և Սլովակիայում մեկնարկել են ուսանողական խոշորագույն ցույցի 25-ամյակին նվիրված տոնակատարությունները, որով 1989 թ. նոյեմբերի 17-ին սկսվեց Թավշյա հեղափոխությունը՝ այն ժամանակվա ՉՍՍՀ-ում կոմունիզմի տապալումը և երկրի անցումը շուկայական տնտեսության:
Այն ժամանակ Ուսանողի միջազգային օրվան նվիրված խաղաղ ցույցը վերածվել էր բախումների ոստիկանության հետ: Դրանից մեկ ամիս անց Չեխոսլովակիայում ստեղծվեց 41 տարիներից ի վեր առաջին ոչ կոմունիստական կառավարությունը, իսկ 1989 թ. դեկտեմբերի 29-ին Վացլավ Հավելը խորհրդարանի քվեարկության արդյունքներով դարձավ դաշնային պետության նախագահ:
1993 թ. Չեխիան և Սլովակիան «թավշյա ապահարզան» ունեցան՝ դառնալով երկու առանձին պետություններ:
Չեխիայում նոյեմբերի 17-ը պաշտոնապես կոչվում է Հանուն ազատության և դեմոկրատիայի պայքարի օր, իսկ Սլովակիայում այն անվանում են Ընդդեմ տոտալիտարիզմի պայքարի օր: Փոխանցում է BBC-ն:
‘