‘Չեխիա-Հայաստան. Խաղից առաջ’

1282

Պրահա, «Էդեն Արենա», ժ. 20:00,
Մրցավար՝ Անտոնի Գոտյե (Ֆրանսիա)
Բուքմեյքերներ՝ 1.37- 4.50 — 9.00

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 7-րդ հանդիպումը՝ հյուրընկալվելով Չեխիայի հավաքականին: Նախորդ 6 խաղերում Հայաստանը վաստակել է 6 միավոր, իսկ այսօր հաջողության հասնելու դեպքում մեր ազգային թիմը կպահպանի խմբում 2-րդ տեղը գրավելու հնարավորությունները:

Կադրային խնդիրներ

Երկու հավաքականներն էլ ունեն կադրային որոշակի խնդիրներ: Հայաստանի ընտրանու կազմում վնասվածք ունի հիմնական պաշտպաններից մեկը՝ Վալերի Ալեքսանյանը: Պաշտպանական գծի մի քանի այլ խաղացողներ էլ նոր են սկսել կարգին մարզավիճակ ձեռք բերել:

Չեխերը խնդիրներ ունեն առջեւի գծում: «Որակազրկված է Դարիդան, վնասվածքներ ունեն Տոմաշ Հյուբշմանը եւ Մատեյ Վիդրան: Առանց Վիդրայի` հարձակման գծում բարդ է լինելու, քանի որ Լիբոր Կոզակը խաղային պրակտիկա չունի եւ վատ մարզավիճակում է մոտենում խաղին»,- armsport.am-ի հետ զրույցում նշել է չեխական «Դնես» օրաթերթի լրագրող Պետր Սեդիվին:

Մատեյ Վիդրան մարտին Երեւանում կայացած մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ՝ էապես նպաստելով Չեխիայի հավաքականի հաղթանակին: Այժմ նրան փոխարինելու է 24-ամյա Լիբոր Կոզակը, ով վերջերս համալրեց անգլիական «Ասթոն Վիլայի» շարքերը: Ենթահարձակվողի դիրքում հանդես կգա 21-ամյա Վացլավ Կադլեցը, ով օրերս Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում գրավեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կադլեցը եւ Կոզակն իրենց հավաքականում անցկացրել են ընդամենը 4-ական հանդիպում եւ միասին խփել են 2 գնդակ:

Վիճակագրություն

Նախկինում Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները մրցել են 3 անգամ: Չեխերը հաղթել են բոլոր հանդիպումներում՝ գնդակների 10:1 տարբերությամբ: Վիճակագրությունը չեխերի ուշադրությունը չի շեղում: «Չեխիայում ֆուտբոլով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ տեղյակ է, թե Հայաստանը ինչ հաշիվներով է հյուրընկալվելիս հաղթել Դանիայի եւ Սլովակիայի հավաքականներին: Կարծում եմ, որ Դանիա-Հայաստան խաղի արդյունքը կստիպի Չեխիային՝ լինել հնարավորինս ուշադիր»,-նշեց Սեդիվին:

Թիմերի հավանական կազմերը

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Չեխիայի հավաքական. Պետր Չեխ, Գեբրե Սելասիե, Տոմաշ Սիվոկ, Միխալ Կադլեց, Դավիթ Լիմբերսկի, Տոմաշ Ռոսիցկի, Յարոսլավ Պլաշիլ, Պետրե Յիրաչեկ, Յոզեֆ Հուշբաուեր, Վացլավ Կադլեց, Լիբոր Կոզակ:

Նախորդ հոդվածը‘Օրինակարգության կորուստը բերում է պետականության կորստի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության անբովանդակ հայտարարությունը՝ ակտիվիստներին ծեծի ենթարկելու կապակցությամբ’