‘Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. առաջին տպավորություններ’

1281

Այս՝ 2013-2014 մրցաշրջանի տրանսֆերային պատուհանն իր ակտիվությամբ և անակնկալ զարգացումներով կարելի է համարել ամենահետաքրքիրը ամբողջ XXI-րդ դարում: Դա կարելի է անել անկախ վերջին օրերին սպասվող խելահեղ զարգացումներից, որոնց ընթացքում բացի Բեյլի և Սուարեսի սպասվող տեղափոխություններից: Կտրուկ քայլեր են սպասվում անգլիական գրանդներ «Մանչեստեր Յունայթեդից» և Լոնդոնի «Արսենալից»:  Հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ վիճակահանության ընթացքում ուժեղագույն՝ առաջին խմբում ընդգրկված թիմերից անցած մրցաշրջանի համեմատ միայն «Արսենալի» և «Բենֆիկայի» գլխավոր մարզիչներն են մնացել նույնը: Հաշվի առնելով անցյալ ՉԼ-ի ընդհանուր խաղամակարդակը և այն, որ այս տարի հաղթողի հավակնորդները էլ ավելի շատ են և ավելի են հզորացել, արժե սպասել փայուն ֆուտբոլ և հավասար մրցակցություն խմբային փուլից սկսած: Վիճակահանության արդյունքում, որպես այդիպիսին «մահվան խումբ» ի հայտ չեկավ, եթե այդպիսին չհամարենք «F» խմբի կազմը, բայց սկսենք սկզբից:

A խումբ: «Մանչեստեր Յունայթեդ», «Շախտյոր Դոնեցկ», «Բայեր Լեվերկուզեն», «Ռեալ Սոսյեդադ»:

Հենց առաջին խմբից կարելի է տեսնել, թե որքան հավասար են բաշխվել թիմերը: Եթե վերհիշենք 2011-2012 մրցաշրջանը, ապա որպես խմբի ակնհայտ ֆավորիտ դիտարկել «Մանչեստեր Յունայթեդին» նույնպես չի կարելի՝ Մոյեսը սկսում է Ֆերգյուսոնին փոխարինելու իր ուղին բազմաթիվ խնդիրներով և առանց անհրաժեշտ կենտրոնական կիսապաշտպանի: Մնացած երեք թիմերը նույնպես հավասար են՝ «Շախտյորը» մնացել է առանց Մխիթարյանի և Ֆերնանդինյոյի, բայց գնել է Բերնարդին, «Բայերից» էլ հեռացել է թիմի առաջատար Շյուրլեն: Ինչ վերաբերվում է «Ռեալ Սոսյեդադին», ապա բասկերը, եթե պահպանեն իրենց ներկայիս մարզավիճակը, կարող են անակնկալի հեղինակ դառնալ:

B խումբ: «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս», «Գալաթասարայ», «Կոպենհագեն»:

Համեմատաբար պարզ խումբ, որտեղ կան ակնհայտ ֆավորիտներ և ետնապահներ: «Կլասիկ» իսպանա-իտալական հակամարտություն, Անչելոտին և Զիդանը ընդդեմ իրենց նախկին թիմի: Այս պահին Կոնտեի թիմի շանսերն ավելի նախընտրելի են թվում. Անչելոտին դեռևս դժվարանում է իր ֆուբոլային միտքը հաղորդել «սերուցքայիններին», բայց դրանից չի կարողանում միաժամանակ օգտագործել Օզիլ, Իսկո, Մոդրիչ եռյակին, իսկ Բեյլի տրանսֆերից հետո իտալացու գլխացավանքներն էլ ավելի կշատանան:

C խումբ: «Բենֆիկա», ՊՍԺ, «Օլիմպիակոս», «Անդերլեխըտ»:

Առաջին հայացքից ոչ այդքան հետաքրքիր խումբ, որտեղ բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու ՊՍԺ-ն, որը և պետք է գրավի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղի համար պայքարում մեծ նշանակություն կունենա այն, թե ինչպես թիմերը կխաղան հյուրընկալվելիս, հատկապես Աթենքում:

D խումբ: «Բավարիա», ԲԿՄԱ, «Մանչեստեր Սիթի», «Վիկտորիա Պլզեն»:

Պեպ Գվարդիոլան ընդդեմ Մանուել Պելեգրինիի, որից զատ ֆավորիտների գործին կփորձի խառնվել ԲԿՄԱ-ն, բայց ամենայն հավանականությամբ կձախողվի: «Վիկտորիայի» հավակնությունները կարող են միտված լինել միայն ավելի շատ գումար վաստակելուն:

E խումբ: «Չելսի», «Շալկե 04», «Բազել», «Ստյաուա»:

Մոուրինյոյի՝ Լոնդոն վերադառնալուց հետո, «յուրահատուկից» ոչ ոք միանգամից ՉԼ-ում հաղթանակ չի պահանջի, հաշվի առնելով նաև այն, որ Աբրամովիչը այլևս նախկին էնտուզիազմով գումարներ չի վատնում թիմը հզորացնելու համար, բայց խմբային փուլը հաղթահարելու՝ անցյալ մրցաշրջանի ձախողումից հետո, պարտադիր է: Դատելով որակավորման փուլում մնացած երեք թիմերի խաղից, խմբում երկրորդ տեղի գլխավոր հավակնորդը «Բազելն» է:

F խումբ: «Արսենալ», «Օլիմպիկ Մարսել», «Բորուսիա Դորտմունդ», «Նապոլի»:

Ինչպես արդեն նշեցինք, միակ խումբն է, որը կարող է հավակնել «մահվան խումբ» վերնագրին: Որքան էլ որ ցավալի է, բայց կա՛մ Մխիթարյանին, կամ Իգուաինին, կամ էլ Կասորլային մենք փետրվարին այլև ՉԼ-ում չենք տեսնի:

«Արսենալը» այդպես էլ չի հզորացնում կազմը և եթե նոր ձեռքբերումներ չկատարի, դժվարություններ կունենա նույնիսկ «Մարսելի Օլիմպիկի» դեմ: Այս խմբում կարելի է սպասել նաև ընգծված մարզչական հակամարտություն՝ Կլոպն ընդդեմ Բենիտեսի, և եթե իսպանացին շուտ կարողանա փոխըմբռնում գտնել իր նոր խաղացողների հետ, դորտմունդցիների համար ամենևին էլ հեշտ չի լինի:

G խումբ: «Պորտո», «Ատլետիկո Մադրիդ», «Զենիթ», «Աուստրիա»:

Հերթական հավասարազոր թիմերով խումբը: Եվ չնայած դրան, «Պորտոն» անցյալ մրցաշրջանի համեմատ էականորեն թուլացել է և կդժվարանա «Ատլետիկոյի» և «Զենիթի» հետ նույն խմբում հայտնվելով՝ 1/8-րդի ուղեգիր ձեռք բերել: Սիմեոնեի սաները պատրաստ են «մահանալ խաղադաշտում» իսկ Հալկի «Զենիթն» արդեն վաղուց պետք է ցույց տա թե ինչի է ունակ եվրոպական խաղադաշտերում: Ճակատագրական կարող է լինել նաև «Աուստրիայի» դեմ միավորների կորուստը:

H խումբ: «Բարսելոնա», «Միլան», «Այաքս», «Սելտիկ»:

Հաշվեհարդարերի խումբ: «Միլանը» ամեն ինչ կանի անցյալ խաղարջանի 4-0-ից հետո Բարսային հաղթելու համար, իսկ կատալոնցիները նորից կփորձեն հաղթահարել «Սելտիկի» պաշտպանության «երկհարկանի ավտոբուսը»: Դե Բուրի «Այաքսն» էլ արդեն բավականին հասուն է և գոնե սեփական հարկում կփորձի միավորներ խլել նույնիսկ կատալոնցիներից: 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչ. Ուկրաինան «Եվրամիություն, թե Մաքսային միություն» հարցով հանրաքվե կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘ Խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ. Նորատ Տեր-Գրիգորյանց’