‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Միլան» — «Բարսելոնա» և «Գալաթասարայ» — «Շալկե 04» ‘

823

Իր հնչեղությամբ 1/8-րդ փուլում երկրորդը համարվող զույգի և Գերմանիայում թուրքերի մեծ քանակի առկայությամբ որոշ առումով «դերբի» որակվող խաղի մասին՝ մեր այսօրվա ՉԼ-ի հանդիպումների անոնսում:

«Միլան» — «Բարսելոնա»

«Սան Սիրո» մարզադաշտ, սկիզբը` ժամը 23:45

Ցավոք՝ վիճակահանությունից հետո «Միլանում» տեղի ունեցած գլխավոր փոփոխությունը այդպես էլ չի անդրադառնա ՉԼ-ի խաղերի վրա, քանի որ Սուպեր Մարիոն այս մրցաշրջանում ուղղակի չի կարող մասնակցել եվրոպական մրցաշարերում:

«Միլանը» դեկտեմբերի կեսերից վերջապես ձեռք բերելով լավ մարզավիճակ՝ սկսեց կարգավորել իր գործերը ներքին առաջնությունում, իսկ Բալոտելիին ձեռք բերելուց հետո տեղ-տեղ ցույց է տալիս նաև փայլուն ֆուտբոլ: Այժմ այն երկրպագուները, ովքեր ծեր գվարդիայի և  Տյագո Սիլվա Իբրահիմովիչ զույգի՝ Փարիզ տեղափոխվելուց հետո կազմակերպում էին թաղման արարողություններ, խոսում են վերածննդի մասին: Իրենց սիրելի թիմը, դեկտեմբերի 16-ից սկսած՝ պարտվել է միայն Յուվեի դեմ գավաթային խաղում, որտեղ նրանք ավելիին էին արժանի, առաջնությունում տարած 5 հաղթանակները, որոնցից մի քանիսը ամբողջովին Մարիո Բալոտելիի շնորհիվ էին, օգնեցին թիմին բարձրանալ 4-րդ հորիզոնական և միավորներով հավասարվել 3-րդ տեղում ընթացող «Լացիոյի» հետ:

Այս պահին ակումբը վաճառելու խոսակցությունները, իհարկե, չեն դադարում, բայց Նյանգի, Դե Շիլիոյի, Էլ Շարավիի և Բալոտելիի՝ թիմում առկայությունը մեծ հույսեր է ներշնչում ակումբի ապագայի վերադերյալ: Բարսայի դեմ խաղերից առաջ Ալեգրիի գլխավոր խնդիրները հետևյալն են` Ռոբինյոյի, Նոչերինոյի և Ֆլամինիի վնասվածքները, կենտրոնում, բացի Մոնտոլիվոյից՝ լավ մարզավիճակում ֆուտբոլիստ չունենալն ու առանց Բալոտելիի խաղը պատկերացնելն է: Այս խնդիրը ոչ միայն անդրադառնում է ամբողջ թիմի, այլև հատկապես Էլ Շարավիի վրա, ով մրցաշրջանի առաջին հատվածում վերածվել էր իսկական առաջատարի և միայնակ հաղթեց մի քանի խաղերում: Այժմ առջևում ավելի աստղային խաղացողի հայտնվելը Էլ Շարավիին դնում է մի փոքր արտառոց իրադրության մեջ և թույլ չի տալիս անցած ամիսների պես խաղ ցուցադրել:

Ինչևէ, Միլանում Բարսայի արգելքը չհաղթահարելը ոչ ոք ողբերգություն չի համարի, քանի որ այստեղ շատ լավ հասկանում են, թե ինչպիսի մրցակից է իրենց բաժին հասել, ում այս պահին 2-3 թիմ է ունակ կանգնեցնել, որոնց թվում «Միլանն» այս պահին չկա:

«Բարսելոնան» վերջին շաբաթների անկայուն արդյունքներից հետո վերագտել է իր խաղը և պատրաստ է մոտենում մրցաշրջանի այն փուլին, որտեղ որոշվում են ՉԼ-ի 1/4-րդ  և Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի ճակատագրերը: Իրականում հունվար-փետրվար ամիսները միշտ էլ բարդ են համարվել Բարսայի համար՝ կապված հագեցած խաղացուցակի հետ, բայց այս անգամ այն հարուստ էր նաև ոչ խաղային իրադարձություններով:

Այսպես, հունվարի սկզբին Մեսսին ստացավ իր 4-րդ «Ոսկե գնդակը»,  որից հետո մի քանի խաղերում իրեն թույլ էր տալիս խաղադաշտում չվազել, դրանից հետո Բարսան սպասվածից ավելի ծանր տարավ Գվարդիոլայի՝ «Բավարիայում» աշխատանքի անցնելու լուրը, որից անմիջապես հետո Վալդեսը հայտարարեց իր պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին: Հունվարին Բարսան շատ մոտ էր լքելու նաև Վիլյան, ով ուղղակի իր խաղով շատ ավելիին է արժանի, քան լինել Ալեքսիսի փոխարինողը: Պետք չէ մոռանալ նաև Տիտոյի հիվանդության հետ կապված խնդիրները, որոնց պատճառով թիմը պահեստայինների նստարանից ղեկավարում է Ժորդի Ռոուրան:

Վերջաբան

Ալեգրին, իհարկե, կհամաձայնի առաջին խաղում գրանցել գոլազուրկ ոչ-ոքի, ինչը նրանց պատասխան խաղում թույլ կտա շարունակել խաղալ նույն փակ ֆուտբոլը և սպասել հակագրոհի հնարավորության: Իտալացիների համար՝ ցավալիորեն, հանդիպումից առաջ լավ մարզավիճակի է դուրս գալիս Լեո Մեսսին, ում լավ խաղի համար այժմ Չավիի կամ Ինյեստայի գործոնը գրեթե ամբողջովին նվազել է:

«Գալաթասարայ» — «Շալկե 04» 

«Թուրք Թելեկոմ» մարզադաշտ, սկիզբը` ժամը 23:45

«Գալաթասարայը» ձմռանը իր կազմն ուժեղացնելով Սնեյդերով և Դրոգբայով՝ ակնհայտ ետնապահից վերածվել է այս զույգի ֆավորիտի, իհարկե՝ նաև «Շալկեի» խայտառակ վատ արդյունքների պատճառով: Գելզենկիրխենցիները, նոյեմբերի 17-ից սկսած՝ «Բունդեսլիգայում» տարել են ընդամենը 1 հաղթանակ, ինչի պատճառով այժմ հայտնվել են առաջնության 9-րդ հորիզոնականում: Ստամբուլում վստահ են, որ իրենց կազմում բազմաթիվ աստղերի առկայությունը պետք է թիմին օգնի հաղթահարել 1/8-րդ փուլը և կապված ապագա մրցակցից՝ հույս ունենալ ավելի հեռու գնալու:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Գյումրիում՝ ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Մեզ թվում է, թե Րաֆֆին ռեժիմի թեկնածուին է հաղթել, բայց…»’