‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Սելտիկ» — «Յուվենտուս» և «Վալենսիա» — ՊՍԺ’

590

«Վալենսիա» — ՊՍԺ

«Մեստալյա» մարզադաշտ, սկիզբը՝  ժամը 23:45

Այս զույգում վիճահականությունից հետո այդպես էլ վառ արտահայտված ֆավորիտ չկա, որքան էլ որ կազմի ընտրության հարցում ՊՍԺ-ն շատ քչերին է զիջում ամբողջ Եվրոպայում: Երկու թիմերի մրցաշրջաններն էլ դեռևս ընթանում են սպասվածի նման:

ՊՍԺ-ն, ամռանը ձեռք բերելով Տյագո Սիլվային, Լավեցիին և Իբրահիմովիչին, կատարեց ամենամեծ քայլը՝ սուպերակումբի վերածվելու ճանապարհին: Եթե անդրադառնանք ՊՍԺ-ի հիմնական կազմին, ապա Թամիմ բին Համադի ակումբը ձեռք բերելուց հետո այնտեղ են մնացել միայն երկու խաղացողներ՝ Սախոն և Տիենեն, ովքեր Տյագո Սիլվայի և Մաքսվելի՝ ակումբ գալուց հետո նույնպես վստահ չեն մեկնարկային կազմում իրենց տեղի հարցում:

\"\"

Մրցաշրջանը մի փոքր բարդ մեկնարկեց, առաջին 3 հանդիպումներում ծանրագույն կերպով ձեռք բերված 3 ոչ-ոքիներն այժմ արդեն կարելի է վերագրել ֆուտբոլիստների խաղակցվածության խնդրին, որոնք սկսեցին լուծվել առաջին հաղթանակներից հետո: Անչելոտիի և Լեոնարդոյի կողմից ղեկավարվող նախագիծը հենց սկզբից մեծ ճնշման տակ էր, քանի որ այս տարի շատերը Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը պատրաստ էին հանձնել ՊՍԺ-ին՝ դեռևս մրցաշրջանը չսկսված: Այս պահին նրանք մրցաշրջանի ընթացքում իրենց հետապնդող երկրորդ տեղից ամենամեծ՝ 6 միավորի առավելությունը ունեն, որը հանգստություն է հաղորդում ՉԼ-ի 1/8-ից առաջ: ՉԼ-ում իրավիճակը մի փոքր այլ էր, նրանք հայտնվեցին այնպիսի խմբում, որից պարտավոր էին դուրս գալ, ինչը և արեցին, իսկ հետագա զարգացումները կախված կլինեն ապագայում սպասվող մրցակիցներից:

Խաղաշրջանի սկզբից ի վեր չի վերանում այն տպավորությունը, որ Լավեցին, Վերատին, Պաստորեն և Մենեզը որևէ լուրջ արդյունքի չեն կարողանա հավակնել առանց Իբրահիմովիչի, ով տարեցտարի, թե՛ ազգային հավաքականի կազմում, թե՛ իր ակումբներում, ավելի է մեծացնում իր դերակատարությունը: Նման խնդիրը լուծելու համար ձմռանը Փարիզ տեղափոխվեց Նեյմարից հետո Բրազիլիայի գլխավոր տաղանդներից մեկը` Լուկաս Մոուրան, ինչպես նաև Դեյվիդ Բեքհեմը, ով 37 տարեկանում փարիզյան ակումբի վրա կարող է ավելի մեծ ուշադրություն սևեռել, քան երիտասարդ տաղանդներ Վերատտին և նույն Մոուրան:

«Վալենսիայի» հետ հանդիպումը կարող է դառնալ շրջափուլային ՊՍԺ-ի համար, որը 1/4-րդ դուրս գալու դեպքում, կկարողանա հաստատել իր ավելի քան լուրջ հավակնությունները այս մրցաշրջանում:

«Վալենսիա-ն» ամռանը Ունաի Էմերիի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Պելեգրինոյին, ով իր մարզչական կարիերան սկսել էր Բենիտեսի օգնականի դերում: Ֆինանսական խնդիրներից ելնելով՝ ակումբը շարունակեց իր առաջատարներին վաճառելու քաղաքականությունը, և արդեն օգոստոսին, տեսնելով նրանց կազմը, շատ բարդ էր թվում, որ նրանք կկարողանան պահպանել իսպանական ֆուտբոլում իրենց «ընդմիշտ 3-րդի» կարգավիճակը: Բացի դրանից՝ երկարատև վնասվածքի պատճառով երկարաժամկետ բացակայում էր մեր օրերի լավագույն կառուցող հենակետայիններից մեկը` Էվեր Բանեգան:

Չնայած «Պրիմերայում» առաջին 3 խաղերից հետո վաստակած ընդամենը մեկ միավորին՝ տպավորություն էր ստեղծվում, որ Պելեգրինոյի սաները կարող են ավելացնել, քանի որ բոլոր առումներով հավասար հանդիպումներ անցկացրին «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ:

ՉԼ-ում «Բատեի» և «Լիլի» հետ լուրջ խնդիրներ չստեղծվեցին, և «Բավարիային» վերջին տուրում հաղթելու դեպքում նրանք կարող էին նույնիսկ առաջին տեղով դուրս գալ խմբից: Ինչևէ, հաղթանակներին հաջորդում էին պարտությունները. «Մալագայից» կրած 0-4-ը և սեփական դաշտում՝ 2-5-ը «Ռեալ Սոսյեդադի» դեմ՝ ակումբի ղեկավարությանը ստիպեցին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Պելեգրինոյին՝ նրա փոխարեն նշանակելով իսպանացի լավագույն մարզիչներից մեկին` Էրնեստո Վալվերդեին:

Բասկ մարզիչը իր հետ հանգստություն բերեց ակումբ, և նրա ղեկավարությամբ ակումբը մինչ այսօր «Պրիմերայում» անցկացրած 9 խաղերից հաղթել է 6-ում, 1-ում խաղացել ոչ-ոքի և պարտվել 2-ում: «Վալենսիան» նաև մեծ հույսեր էր կապում արքայական գավաթի խաղերում, բայց «Սանտյագո Բերնաբեուում» մրցավարները փչացրին ամբողջ հանդիպումը, որից հետո թիմը ուշքի չեկավ՝ մադրիդցների հետ հետագա 2` առաջնության և գավաթային պատասխան խաղում:

Այժմ Բանեգայի վերադարձից հետո, օգտվելով նաև Տինո Կոստյի և Սոլդադոյի լավ մարզավիճակից, Վալվերդեն թիմին բարձացրել է 5-րդ հորիզոնական և ընդամենը 2 միավորով է հետ մնում ՉԼ որակավորման գոտուց:

Եզրափակում

Սա հենց այն հակամարտություններից է, որոնց հաղթողը մեկ խաղով չի որոշվում: Տանտերերը պետք է փորձեն օգտվել Տյագո Սիլվայի բացակայությունից և թեկուզ նվազագույն հաշվով առավելություն ստեղծեն պատասխան խաղից առաջ, որը, թվում է, ավելի ընգծված ֆավորիտ կունենա, քան առաջին խաղում է:

«Սելթիկ» — «Յուվենտուս»

«Սելթիկ Պարկ» մարզադաշտ, սկիզբը՝ ժամը 23:45

Իսկ ահա այս զույգում կա ոչ թե ֆավորիտ, այլ գերֆավորիտ՝ «Յուվենտուս» անվանմամբ, որը եթե մի փոքր խելացի լիներ և չանտեսեր կենտրոնական հարձակվողի անհրաժեշտությունը մրցաշրջանի սկզբից առաջ, կարող էր համարվել նաև ՉԼ գլխավոր ֆավորիտներից մեկը: Ինչևէ, անցնենք սպասվող խաղին:

\"\"

«Սելթիկում», «Ռեյնջերսի» 2-րդ լիգայում հայտնվելուց հետո, ընդհանրապես չեն մտահոգվում ներքին առաջնության խնդիրներով և շատ վաղուց կենտրոնացած են միմիայն Յուվեի հետ խաղերում հաջողության հասնելու վրա: Լեննոնի սաները արդեն իսկ ՉԼ-ի այս խաղարկությունում դարձել են գլխավոր անակնկալներից մեկը, երբ կիրառելով «ավտոբուս»՝ սեփական դարպասների մոտ՝ կարողացան հաղթել Բարսային: Չի կարելի ասել, որ իտալացիների հետ նրանք կխաղան նույնքան փակ, բայց խաղի ընդհանուր տրամաբանությունը կլինի գրեթե նույնը՝ համբերություն ունենալ և գնդակը երկար նետել դեպի Սամարսասը, իսկ այնտեղ հնարավոր է, որ առանց Կյելինի մնացած Յուվեի պաշտպանությունը խնդիրներ ունենա:

«Յուվենտուսն», իր հերթին, դեկտեմբեր-հունվար ամիսները սպասվածից ավելի հոգնած անցկացրեց, այդ ընթացքում բազմաթիվ միավորներ զիջեց «Սերիա Ա»-ում և դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից, որտեղ նույնպես զգացվեց գոլահարի անհրաժեշտությունը: Ձմռանը Դրոգբայի հետ երկարատև և ձանձրալի բանակցություններից հետո «բյանկոներիներին» ամեն դեպքում հաջողվեց ձեռք բերել Դիդյեի նախկին խաղընկեր Նիկոլյա Անելկային, ով ՉԼ-ում խաղալու ավելի մեծ փորձ ունի, քան Մատրին կամ Վուչինիչը: Յուվեն կամաց-կամաց դուրս է գալիս մինի կրիզիսից և «Սելթիկի» դեմ խաղին ավելի պատրաստ կներկայա, քան նույն «Լացիոյի» հետ դիմակայություններին:

Եզրափակում

Բավականին հավանական է այն տարբերակը, որ տանտերերը համաձայն լինեն գոլազուրկ ոչ-ոքիին, որի դեպքում հնարավորություն կունենան պատասխան խաղում նորից գերհագեցած պաշտպանական ֆուտբոլով ևս մեկ հրաշքի սպասել: Այս խաղում շատ հետաքրիր կլինի, թե այդյո՞ք կկարողանա Վանյաման կենտրոնում Պիրլո, Վիդալ, Մարկիզիո եռյակի դեմ այնքան գրագետ խաղալ, որքան Բարսայի կիսապաշտպանների դեմ:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիա» — ՊՍԺ, «Սելթիկ» — «Յուվենտուս». բուքմեյքերների կարծիքը’
Հաջորդ հոդվածը‘Արա Նեդոլյան. Սերժ Սարգսյանն իր կերպարով ներկայացնում է պարոդիկ երևույթ’