Չեմպիոնների լիգա․ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

81

«Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Անգլիական թիմը Իսպանիայում կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացրեց «Վիլյառեալի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վիլյառեալի» սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։ 41-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Էթիեն Կապուն։

Երկրորդ խաղակեսում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կարողացավ երեք գոլ խփել 12 րոպեում։ 62-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։ 5 րոպե անց հյուրերի երկրորդ գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ «Լիվերպուլի» հաղթակ գոլը 74-րդ րոպեին խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ 

Երեք գոլն էլ իսպանական թիմը բաց թողեց արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլյիի կոպիտ սխալների հետեւանքով։

Առաջին խաղում «Լիվերպուլն» Անգլիայում հաղթել էր 2։0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 4-ին Մադրիդում անցկացվելիք պատասխան խաղում կվիճարկեն Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որն առաջին խաղում հաղթել է 4։3 հաշվով։

«Լիվերպուլը» 10-րդ անգամ կխաղա գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում. նախքան այս 6 անգամ հաղթել է (1977, 1978, 1981, 1984, 2005, 2019 թվականներին), 3 անգամ պարտվել (1985, 2007, 2018)։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վիլյառեալ» (Իսպանիա) — «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

Բուլայե Դիա, 3, Ֆրանսիս Կոկլեն, 41 — Ֆաբինյո, 62, Լուիս Դիաս, 67, Սադիո Մանե, 74

Հեռացում՝ Էթիեն Կապու («Վիլյառեալ»), 85, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԹաթուլ Հակոբյան․ ԹՈՒՐՔԻ ցավ
Հաջորդ հոդվածըՊոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների ցուցակում