‘
Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ օրը էլ ավելի հագեցած էր դրամատիկ իրադարձություններով, արտակարգ գեղեցիկ գոլերով, բարձրակարգ ֆուտբոլով, քան` առաջին օրը:
A խումբ
Երբ թիմում մարզիչ է փոխվում, միշտ էլ դա հոգեբանորեն ազդեցություն է թողնում ֆուտբոլիստների վրա: Իսկ եթե այդ մարզիչը ուկրաինական ֆուտբոլի եւ մասնավորապես Կիեւիի «Դինամոյի» լեգենդ Օլեգ Բլոխինն է, ապա պարզ է դառնում, թե ինչու էին կիեւցիները Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում պարզապես թռչում խաղադաշտով մեկ: Նրանց խելահեղ տեմպին այդ օրը շատ քիչ թիմեր կարող էին դիմագրավել: Բլոխինի նորամուտը այս մրցաշարում հաջող ստացվեց:
Պորտուգալական «Պորտուն» նման է այն վիշապին, որի գլուխները որքան էլ կտրես, տեղը նորերն են աճում: Կտրեցին, տարան նրանց երկու հիմնական «գլուխներին»` Ֆալկաոյին եւ Հալկին, հոգ չէ, անմիջապես հայտնվեց Ջեյմս Ռոդրիգեսը: ՊՍԺ-ի հետ խաղում «Պորտուն» ցույց տվեց, որ շեյխերի փողերը ամեն ինչ չէ, որ որոշում են: Պորտուգալական ակումբը բացահայտ ուժեղ էր ՊՍԺ-ից եւ արժանի հաղթանակ տարավ: Ի դեպ, այդ օրը Իբրահիմովիչի ծննդյան օրն էր եւ նա ոչ այնքան հաճելի նվեր ստացավ:
«Պորտուն» միանձնյա առաջատար դարձավ, բայց այս խմբում ամեն ինչ դեռ առջեւում է:
Կիևի «Դինամո»- Զագերբի «Դինամո»՝ 2:0
1-0 Գուսև՝ 3, 2-0, Պիվարիչ՝ 33 (ինքնագոլ)
«Պորտու» — ՊՍԺ` 1:0
Ռոդրիգես, 83
B խումբ
Լոնդոնի «Արսենալը» հաստատեց իր բարձր կարգը, եւ երկրորդ հաղթանակը տարավ խմբում: Չնայած մրցակիցը` հունական «Օլիմպիակոսը» լուրջ դիմադրություն ցույց տվեց:
Խմբի մյուս խաղում մինի-անակնկալ տեղի ունեցավ: «Շալկեն» սեփական հարկի տակ բաց թողեց հաղթանակը «Մոնպելյեի» հետ խաղում, չնայած առջեւում էր 2:1 հաշվով եւ մեկ խաղացողի առավելություն ուներ: Սակայն Ֆրանսիայի չեմպիոնը կամային հատկանիշներ ցույց տվեց եւ հանդիպման վերջին վայրկյաններին փրկեց խաղը` ոչ-ոքի:
«Արսենալ» — «Օլիմպիակոս»` 3:1
Ժերվինյո, 42, Պոդոլսկի, 56, Ռեմսի, 92 –Միտրոգլու, 45
«Շալկե»-«Մոնպելյե»՝ 2:2
0-1 Ֆանա՝ 13 , 1-1 Դրակսլեր՝ 26, 2-1 Հունտելար՝ 53 (11 մետ), 2-2 Կամարա՝ 90
C Խումբ
«Անդերլեխտ»-«Մալագա»՝ 0:3
Իսպանական «Մալագան» շարունակում է հիացնել: Ոչ միայն արդյունքով, այլ նաեւ խաղով: Թեթեւ, կոմբինացիոն, գեղեցիկ հնարքների եւ խորամանկ փոխանցումների վրա հիմնված նրանց ֆուտբոլը պարզապես գեղագիտական հաճույք է պատճառում: Իսկ Էլիզեուի գոլը, եթե ոչ տարվա, ապա ամսվա լավագույն գոլերի շարքին պետք է դասվի: 2 խաղ, 2 հաղթանակ, գնդակների 6:0 հարաբերակցությամբ: Իսկ մինչեւ մրցաշրջանի սկիզբը շատերը այս թիմին արդեն թաղել էին, երբ թիմն ընկավ ֆինանսական խնդիրների մեջ:
Իսկ ահա թե ում թաղվելու ժամանակն է, ապա դա Սանկտ-Պետերբուրգի «Զենիթն» է: Վերջինս ոչ մի ֆինանսական խնդիր չունի, բայց հենց այդ փողերի ձեռքը կրակն է ընկել: 100 միլիոն վճարեց Հալկի ու Վիտցելի համար, դա հանգեցրեց Դենիսովի ապստամբությանը եւ պատասխան պատժին` թիմից հեռացմանը. բոլորը տեսան, թե ինչպես «Միլանը» օգտվեց Դենիսովի բացակայությունից եւ երկու անգամ «Զենիթի» դարպասը գրավեց այն գոտուց, որտեղից ռուս կիսապաշտպանի ներկայության դեպքում դա գրեթե անհնար կլիներ:
Բոլոր դեպքերում, «Զենիթը» դեռ հնարավորություն ունի շտկել իրավիճակը. վաղուց այսքան թույլ «Միլան» չէինք տեսել: Չլիներ դարպասապահ Աբյատին, «Միլանը» կպարտվեր այս խաղը:
Այս խմբում 6 միավոր է վաստակել «Մալագան», «Միլանը»` 4, «Անդերլեհտը»` 1:
0-1 Էլիզեու՝ 45, 0-2 Խոակին՝ 56, 0-3 Էլիզեու՝ 64
«Զենիթ» — «Միլան» ` 2:3
Հալկ, 45, Շիրոկով, 49 –Էմանուելսոն, 13, Էլ Շարավի, 16, Հուբոչան, (ինքնագոլ) 75
D խումբ
«Մահվան» խումբը արդարացնում է այդ անունը: Նախորդ տուրում ականատես եղանք «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» դրամատիկ խաղին, այս անգամ այդ ողջ դրամատիզմը փոխանցվեց «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» հանդիպմանը:
Պարզապես ապշել կարելի է, թե ինչպես «Բորուսիան» չհաղթեց: Գերմանիայի չեմպիոնը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց: Դա արժե մի քանի անգամ դիտել: Հյուրերի գրեթե յուրաքանչյուր գրոհ վտանգավոր էր: Գրոհները տարբեր ուղղություններով, ոչ ստանդարտ լուծումներով, անսպասելի փոխանցումներով այնքան արագ էին տեղի ունենում, որ «Սիթիի» պաշտպանները պարզապես ստատիստի դեր էին կատարում: Գերմանացիները մոտ 10 ռեալ գոլային պահ ունեցան, բայց այդ օրը նաեւ «Սիթիի» դարպասապահ Հարտի հերոսությունների ժամանակն էր: Հարտը փրկեց այդ խաղը: Խաղավերջում էլ «Բորուսիան» ցավալիորեն բաց թողեց հաղթանակը:
Խաղից հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարեց, որ իր թիմը արժանի չէր այդ ոչ-ոքիին. սրանով ամեն ինչ ասված է:
Մյուս խաղում «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Այաքսին», Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, Բենզեման` հրաշք-գոլի, իսկ Կական` բազմաթիվ արդյունավետ փոխանցումների: «Բարսելոնայի» հետ կայանալիք Էլ-կլասիկոյից առաջ մադրիդցիները վերջապես վերագտան իրենց խաղը:
«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա Դ.»՝ 1:1
Մարիո Բալոտելի, 90 (11մ.) – Մարկո Ռոյս, 62
«Այաքս» — «Ռեալ»՝ 1:4
Նիկլաս Մոյսանդեր, 56 – Կրիշտիանու Ռոնալդու, 42, 79, 81, Կարիմ Բենզեմա, 48
‘