‘Չեմպիոնների լիգա. Ռեմսին ծանր հարված է հասցնում «Բորուսիային» (Տեսանյութ)’

1374

ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի երկրորդ խաղային օրը խոշոր անակնկալներ նույնպես չգրանցվեցին: Քայլող «Բարսելոնան» առանց մեծ ջանքերի հաղթեց «Միլանին», իսկ ավելի հասուն և պաշտպանողական տեսք ունեցող «Արսենալը» ծանր իրավիճակ ստեղծեց «Բորուսիայի» համար:

E Խումբ

«Չելսի» — «Շալկե 04»3-0

«Բազել» — «Ստյաուա»1-1

Եթե Գելզենկիրխենում «Շալկեին» սպանեց արագ գոլը, ապա «Ստեմֆորդ Բրիջում»՝ Հիլդեբրանդը: Մինչ Էտո՛օյի գոլը, հյուրերը բավականին լավ էին պաշտպանվում և սկսել էին նաև գոլային պահեր ստեղծել Չեխի դարպասների մոտ: Էտո՛օյի գոլը, որը նրա առաջինն էր ՉԼ-ում «ազնվականների» կազմում (դրանից առաջ նա եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում գոլի հեղինակ էր դարձել «Մալյորկայի», «Բարսելոնայի» և «Ինտերի» կազմում) ամբողջովին փոխեց խաղն ու վստահություն փոխանցեց տանտերերին՝ հատկապես Շյուրլեին և Վիլիանին: Երկրորդ խաղակեսում Մոուրինյոյի թիմն ավելացրեց, և նախ Էտո՛օն իսկ հետո՝ նրան փոխարինած Դեմբա Բան, այս դիմակայություններում երկրորդ անգամ հաշիվը դարձրեց 3-0: Իսկ ահա կապտանռնագույնների խաղում շատ մոտ էր անակնկալի հեղինակ դառնալու «Ստյաուան», բայց ռումինացիների հոգնած պաշտպանները հանդիպման ավելացրած ժամանակում չկարողացան վերահսկել Սիային. 1-1, և «Բազելը» դեռևս հույսեր է պահպանում «փլեյ-օֆֆ» դուրս գալու համար:

F Խումբ

«Բարուսիա Դորտմունդ» — «Արսենալ» 0-1

«Նապոլի» — «Օլիմպիկ Մարսել» 3-2

«Մահվան խմբում»  «Բարուսիան» ու «Արսենալը» կրկին որոշ առումով հիասթափեցրին ֆուտբոլասերներին, ովքեր նրանցից շատ ավելի դիտարժան խաղ էին ակնկալում: Կլոպի սաները այդպես էլ չկարողացան նյութականացնել իրենց առավելությունը: Ինչպես առաջին խաղակեսում, որտեղ լավագույն գոլային պահը ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, բայց նրա ձախով հարվածը չստացվեց, այնպես էլ երկրորդում դորտմունդցիները ավելի լավ էին գրոհում՝ ստեղծելով, սակայն, սակավաթիվ գոլային հնարավորություններ: Եվ երբ արդեն թվում էր, որ «Բորուսիան» մի փոքր էլ ավելացնելու դեպքում կբացի խաղի հաշիվը, նրանք բաց թողեցին Ռեմսիին: 0-1-ից հետո Կլոպը փորձեց կտրուկ փոխել խաղը՝ կատարելով միանգամից երկու փոփոխություն, սակայն մինչ հանդիպման ավարտը «Արսենալը» ավելի մոտ էր գոլի, քան նրա սաները: 0-1, և որքան էլ Կլոպին դուր չգան, ինչպես նա էր որակել, թիմերի խաղաոճերը, «սիմֆոնիան» հաղթեց «ծանր մետալին»:

Իսկ ահա «Սան Պաուլո» մարզադաշտում «Նապոլին» սպասվածից շատ դժվարություններ ունեցավ հաղթանակի համար: Այուի գոլից հետո Բենիտեսի թիմին արթնացնել կարողացավ Ինլերի փայլուն հարվածը, որից ընդամենը մեկ րոպե էլ հետո նեապոլիտանցիներին առաջ մղեց Իգուաինը: «Նապոլին» երկար ժամանակ չէր կարողանում վճռել հանդիպման ելքը և Թաուվինի գոլից հետո մոտ էր իրենց համար նախատեսված 3 միավորը կորցնելուն, բայց հերթական անգամ աշխատեց Համշիկ-Իգուաին զույգը: 3 միավորը վաստակված է, բայց «փլեյ-օֆֆի» համար պայքարը շարունակվում է: Խմբի վերջին 2 տուրերում ամենաբարդ խաղացանկը հենց «Նապոլիինն» է, և Բենիտեսը պետք է ապացուցի, որ նա հիշում է, թե ինչպես լավ խաղ կազմակերպել պաշտպանությունում:

G Խումբ

«Զենիթ» — «Պորտո»1-1

«Ատլետիկո Մադրիդ» — «Աուստրիա» 4-0

Տուրի առաջին՝ «Զենիթ» — «Պորտո» խաղը ստացվեց բավականին հետաքրքիր: Լուչո Գոնսալեսի՝ 23-րդ րոպեի գոլին 5 րոպե անց պատասխանեց Հալկը: «Զենիթը»  ավելացրեց երկրորդ խաղակեսում և կարող էր առաջ անցնել արդեն նրա մեկնարկում, բայց 11-մետրանոցից վրիպեց նույն Հալկը: 1-1, որը ձեռնտու է ռուսներին, բայց ինչպես խաղից հետո նշեց Սպալետտին՝ ««Պորտոն» կարող էր հաղթել երկու խաղերում էլ»: Պորտուգալացիներին ավելի հեշտ խաղացանկ է բաժին հասել, և նրանք դեռևս կպայքարեն «փլեյ-օֆֆի» համար:

 Խմբի երկրորդ խաղում «Ատլետիկոն» հանգիստ «զբոսանք» անցկացրեց «Աուստրիայի» դեմ խաղում: Վիլյայի բացակայությամբ, մինչ Կոստայի գոլը, ով հասցրեց վրիպել 11-մետրանոցից, գոլի հեղինակ էին դարձել երկու պաշտպաններ՝ Միրանդան և Ֆիլիպե Լուիսն ու հենակետային Ռաուլ Գարսիան:

H Խումբ

«Բարսելոնա» — «Միլան»

«Այաքս» — «Սելտիկ»

Ինչպես արդեն նշել էինք, «Կամպ Նոուում» գլխավոր խնդիրը Մեսսիի համար լավ տրամադրություն ստեղծելն էր: «Բարսելոնան» սկսեց շատ դանդաղ, և Մեսսին հաշիվը բացեց միայն Նեյմարի վաստակած 11-մետրանոցից հետո: «Կապտանռնագույնների» դիրքային գրոհները չէին ստացվում, բայց աշխատեց ստանդարտ իրավիճակը: Չավիի փոխանցումից հետո Բուսկետսը խաղից դուրս իրավիճակից հաշիվը դարձրեց 2-0: Բայց թիմերը այդ հաշվով ընդմիջման չգնացին, քանի որ Կակայի անցումից հետո Պիկեն գրավեց սեփական դարպասը: Ընդմիջումից հետո Բալոտելլին ակտիվություն մտցրեց «Միլանի» խաղում և ստիպեց Բարսային շարժվել: Նեյմարը կարող էր դառնալ այնպիսի գոլի հեղինակ, որոնցից հեղինակում էր «Սանտոսում» բայց փայլուն անցումից հետո շեղ հարվածեց: Իսկ Ինյեստայի հարվածից հետո լավ խաղաց Աբյատին: Բայց երեկոն նվիրված էր Մեսսիին և հենց արգենտինացին փակեց հաղթողի հարցը՝ լավ գրոհ կազմակերպելով Ֆաբրեգասի հետ, ով նրան այս պահին ամենից լավն է հասկանում խաղադաշտում: 3-1 առաքելությունը իրականացված է, բայց Լեոն դեռևս շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից:

Էլ ավելի «բարսելոնյան» տեսք ուներ «Այաքսը», որը չնայած ամբողջ խաղի ընթացքում ունեցած մեծ առավելությանը՝ ընդամենը մեկ անգամ գրավեց Ֆոստերի դարպասը: Լասե Սքոնին և խաղընկերները կերտեցին այս խաղային տուրի ամենագեղեցիկ գոլը: Դե Բուրը հաղթանակից այնպես ուրախացավ, կարծես նրա թիմը արդեն նվաճել է «փլեյ-օֆֆի» ուղեգիր: Թեև վստահաբար կարելի է ասել, որ «Սան Սիրոյում» նման «Միլանի» դեմ հնարավոր է պայքարել:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնում է Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայ գործարարներ. Հարկերը Հայաստանում չափազանց մեծ են. Տեսանյութ’